Հանրային հեռուստաընկերությունը ընտրում է՝ որ լուրը եթեր հեռարձակել, որը՝ ոչ

Հանրային հեռուստաընկերությունը երեկվա թողարկումներում տեղեկացրել էր, որ փոփոխություններ են կատարվել լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթներում, մասնավորապես, հաղորդումներն առանց պաշտոնական տեղեկության հրապարակելու դեպքում, լրատվամիջոցները պետք է հրապարակեն պարետատան տրամադրած հերքումը կամ պարզաբանումը այն ստանալուց հետո՝ երկու ժամվա ընթացքում։

Կորոնավիրուսի մասին օտարերկրյա ԶԼՄ-ներից արտատպած նյութերի վերնագրում պետք է նշվի նյութի սկզբնաղբյուրը։  Մինչդեռ այն մասին, որ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը մտահոգված է Հայաստանում մամուլի ազատության սահմանափակուներով ու այդ մասին հանդես է եկել հայտարարությամբ, որը տարածվեց մյուս բոլոր հեռուստաընկերություններով ու լրատվամիջոցներով, հանրայինը չներկայացրեց։  Հայտարարության մեջ ասվում էր, որ «Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքը և պանդեմիայի մասին հաղորդելու նրանց հնարավորությունը: Միայն իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվության հրապարակումը չափազանց խիստ սահմանափակող միջոց է, որը սահմանափակում է լրատվամիջոցների ազատությունը և տեղեկատվության անհամաչափ մատչելիությունը»։

Ստացվում է, հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը լրատվությունն ամբողջական չի ներկայացնում ու ընտրում է՝ որ լուրը եթեր հեռարձակել, որը՝ ոչ՝  խաթարելով իրական պատկերը։ Ի դեպ, իշխանությունները սահմանափակումները սահմանելուց հետո հայտարարում էին, որ դրանք հանվելու են, մինչդեռ հակառակը՝ ազատականցման փոխարեն տուգանքները ավելացել են, իսկ փոփոխություններն աննշան են։