Նիկոլ Փաշինյանի թերթի գնահատականները լրատվամիջոցների վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական Ժամանակ» թերթը «անհայտ» հեղինակի կողմից գրված խմբագրական է հրապարակել լրատվամիջոցների նկատմամբ համաճարակի ժամանակ մտցված սահմանափակումների վերաբերյալ։ Հատկանշական է, որ այս հրապարակման մեջ ՀԺ-ի հոդվածագիրն ակամա ներկայացրել է իր պատկերացումները լրատվամիջոցների դերի եւ նշանակության մասին։ «Իսկ մեծ հաշվով՝ խնդիրն այն է, որ Հայաստանում դասական իմաստով լրատվական դաշտ չկա կամ գրեթե չկա։ Լրատվամիջոցների գերակշիռ մեծամասնությունն, ըստ էության,ոչ թե լրատվամիջոց է, այլ քաղաքական պայքարի «հատուկ ստորաբաժանում», որի նպատակը ոչ թե հանրությանն անաչառ տեղեկատվությամբ ապահովելն է, այլ «հրամանատարի» (սեփականատիրոջ կամ պատվիրատուի) հանձնարարությունները կատարելը»-գրել է Նիկոլ Փաշինյանի թերթը։ Զարմանալի չէ, որ լրատվամիջոցների վերաբերյալ նման մոտեցում ունեցող երկրի ղեկավարը համաճարակի ժամանակ առաջին հերթին սահմանափակումներ է դնում ԶԼՄ-ների առջեւ։
Հոդվածագիրը նաև գրում է․ «Բայց նաեւ՝ այնպես չպետք է լինի, որ իշխանությունները պարտավոր են հնարավոր բոլոր միջոցներով պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ, իսկ մյուսներն իրավունք ունեն ցանկացած ձեւով խանգարել նրանց, եւ որեւէ մեկը չի կարող ոտնահարել նրանց այդ իրավունքը»: Ըստ էության, իշխանական թերթը ներկայացնում է իշխանությունների մոտեցումն այն մասին, որ լրատվամիջոցները ոչ թե երկրի ու քաղաքացիների համար են աշխատում, այլ խանգարում են իշխանություններին։ «Լրատվամիջոցների ղեկավարներն իրենք համաձայնության կգային, թե ինչ է կարելի, եւ ինչն է անթույլատրելի արտակարգ դրության պայմաններում ու կաշխատեին «մի վնասիր» սկզբունքով»։ Հիմա դա հնարավոր չէ, որովհետեւ շատերի գործունեության նպատակը, ցավոք, հենց «վնասելն» է»-գրել է Նիկոլ Փաշինյանի թերթը։
Զարմանալի չէ, որ նման մոտեցումների դեպքում համաճարակի դեմն առնելու գործում, որ թիվ մեկ խնդիր է, իշխանությունները պատկերացնում են լրատվամիջոցների սահմանափակումները։ Ըստ էության, կորոնավիրուսի դեմ պայքարը ներկայումս նենգափոխվում է ԶԼՄ-ների դեմ պայքարով։

Աղասի Ենոքյան