ԶԼՄ-ների սահմանափակումները, հնարավոր է, հանվեն

Հանրային հեռուստաընկերության եթերում մարտի 22-ին Պետրոս Ղազարյանի հյուրը փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն էր։ Պետրոս Ղազարյանն, անդրադառնալով ԶԼՄ-ների սահմանափակումներին, նշեց, որ դրանք էֆֆեկտիվ չեն, ինչին ի պատասխան՝ Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ հնարավոր է՝ շատ կարճ ժամանակում ԶԼՄ-ների սահմանափակումները հանվեն։
Նորից ստացվում է մի իրավիճակ, երբ իշխանության ներկայացուցիչները մեկը մյուսից տեղյակ չեն ու տարբեր հայտարարություններ են անում։ Մարտի 20-ին ԱԺ-ում քննարկվեց
մեկուսացման կամ ինքնամեկուսացման մասին օրենքի նախագծի նախնական տարբերակը, որն առաջին ընթերցմամբ ընդունվեց, հաջորդ քննարկումն այսօր է՝ մարտի 23-ին։ Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դավթյանը նշեց, որ ԶԼՄ-ների մասով սահմանափակումները խախտելու դեպքում առաջարկվում է տուգանք 50-300 հազար դրամի չափով կամ մինչև 5 տարվա ազատազրկում, եթե անձն առաջացրել է զանգվածային վարակ։ Ընդդիմադիր պատգամավորներից շատերը դեմ էին ներկայացվող դրույթներին։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նկատում է, որ իշխանության ներկայացուցիչները իրարամերժ հայտարարություններ են անում։ Օրենսդրական այս քայլերը միտված են, որպեսզի խուճապ չտարածվի, մինչդեռ հենց իրենք են խուճապի տեղիք տալիս՝ չհամաձայնեցված հայտարարություններ հնչեցնելով։ Հուսանք, ԱԺ-ն այսօր հաշվի կնստի մեդիա համայնքի վերջին օրերի մտահոգությունների, ԶԼՄ-ների սահմանափակումների էֆեկտիվությունը վիճարկող կարծիքների ու դրանք հանելու կոչերի հետ։