Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի մարտի 23-ի արդյունքները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 23-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը:

Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհերյանը, պատասխանելով «Հետք»-ի հարցերին, նշել է, որ 22 լրատվամիջոցի հետ ոստիկանության ստորաբաժանումներն աշխատել են, հորդորել են, որ կառավարության, մասնավորապես՝ պարետի ցուցումներին և պաշտոնական տեղեկատվությանը չհամապատասխանող տեղեկությունները հեռացվեն: «Մեդիա պաշտպան»-ը հարցում է ուղարկել Ոստիկանություն՝ պարզելու, թե որ լրատվամիջոցների մասին է խոսքը։

Այսօր ԱԺ-ն միաձայն ընդունել է արտակարգ դրության ռեժիմը խախտողների համար պատժի փաթեթը։ Ներկայացված օրենսդրական փաթեթում ներառված են նաև լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակող դրույթներ՝ «Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից արտակարգ դրությամբ սահմանված տեղեկությունների հրապարակման և տարածման կանոնները խախտելը…»: Միևնույն ժամանակ, եթե լրատվամիջոցը չի վերացնում պարետատան կողմից արձանագրված խախտումը «սահմանված մեկ օրվա ընթացքում», կիրառվում է տուգանք նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հիշեցնում է, որ լրատվամիջոցների աշխատանքը արտակարգ դրության ժամանակ սահմանափակվել է Հոնդուրասում և Ռումինիայում։