Արայիկ Հարությունյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ

2020թ-ի մարտի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 403 հոդված, որոնցից 57-ը եղել է բացասական, 11-ը՝ դրական, 335-ը՝ չեզոք։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն, անդրադառնալով կրթությանը և գիտությանը վերաբերող օրենքին, նշել է, որ դեռևս 2018 թվականին Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ այդ ոլորտների մասին զրույց ունեցել են, բայց հետագայում ակադեմիայի որևէ ներկայացուցիչ ո՛չ նախագծի աշխատանքային տարբերակի մշակմանը և ո՛չ էլ նախագծի մշակմանը չի մասնակցել, հրավեր չստանալու պատճառով։

Հանրաքվեի քարոզարշավի ընթացքում բազմաթիվ երեխաներ էին ներկա գտնվել։ Այս հանգամանքը սոցցանցերում և լրատվականներում քննադատությունների ալիք էր բարձրացրել։ Այդ քարոզարշավին, որտեղ և երեխաներն էին, մասնակցում էր նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Շատերի մոտ հարց է առաջացել, արդյոք նախարարը չի՞ տեսել դասերի ժամին քարոզարշավին մասնակցող երեխաներին և արդյոք դա նորմա՞լ երևույթ է, երբ երեխան դասի չէ ու քարոզարշավի է։

Ըստ մեկ այլ լրատվականի տեղեկությունների` Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն առաջիկայում հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Նա, ըստ աղբյուրի, աշխատանքային խնդիրներ ունի նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Ըստ լուրերի` Գոգյանը հրաժարվել է Արայիկ Հարությունյանի հրահանգը կատարել և Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանին զրկել գիտական աստիճանից։

Քննադատության առիթ է դարձել նաև միջադեպը, երբ ԵՊՀ դասախոս Ռիտա Սաղաթելյանի հարցին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանը հիշել է, որ Ռիտա Սաղաթելյանը ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի հորաքույրն է։ Լրատվականներից մեկն այս դեպքի առնչությամբ գրել է. «Դասախոսի մեղքն այն է, որ նա ազգակցական կապ ունի դաշնակցական գործչի հետ։ 37-ի դաժան փորձառություն ունեցող ժողովրդին առավել ևս վայել չի կրկնել հաշվեհարդարներն անձանց նկատմամբ միայն նրա համար, որ կապեր ունեն այս կամ այն կուսակցության հետ»։