RSF-ն քննադատել է տեղեկատվության սահմանափակումը Հայաստանում

«Լրագրողներ առանց սահմանների» (Reporters sans frontières — Reporters Without Borders-RSF) կազմակերպությունն իր թվիթերյան էջում քննադատել է Հայաստանի կառավարության որոշումը՝ արտակարգ դրության ժամանակ տեղեկատվությունը սահմանափակելու մասին:

Մարտի 16-ին հրապարակված RSF-ի թվիթերյան գրառման մեջ ասված է.

«Հայաստանը սահմանել է արտակարգ դրություն եւ պարտադրում է մեդիային վկայակոչել միայն պաշտոնական աղբյուրները: Տեղեկատվության վերահսկողությունը չի օգնում պայքարել համաճարակի դեմ, այլ նպաստում է ասեկոսեների եւ վախի տարածմանը»:

Մեդիամաքսը նշում է, որ մարտի 18-ի դրությամբ RSF-ի պաշտոնական կայքում Հայաստանում սահմանված արտակարգ դրության մասին որեւէ հիշատակություն չկա:

Արտակարգ դրության մասին ՀՀ կառավարության որոշման մեջ, մասնավորապես, ասված է.

«Եթե անձիք եւ զանգվածային լրատվության միջոցները ինտերնետում, այդ թվում` սոցիալական ցանցերում կամ այլ ձեւով ցանկանում են տեղեկատվական նյութ տեղադրել կորոնավիրուսի  վարակման առկա եւ նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, մեկուսացվածների քանակի մասին, ապա պետք է օգտվեն բացառապես պարետատան կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվությունից եւ հղում կատարեն դրան ու հնարավորինս վերարտադրեն այն:

 Նրանց հրապարակումները չեն կարող հակասել պաշտոնական տեղեկատվությանը:

 Նույնը նաեւ վերաբերում է այնպիսի տեղեկություններին, որոնք հանգեցնում են խուճապի կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ են պարունակում:

 Նման  հրապարակումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից»:

Սկզբնաղբյուրը՝ Mediamax.am