Հանրային հեռուստաընկերության եթերում վճարովի գովազդը մահակ է լինելու մասնավոր հեռուստաընկերությունների համար

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարում է, որ ամբողջությամբ կիսում է Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հնչեցրած մտահոգությունն առ այն, որ Հանրային հեռուստաընկերության եթերում վճարովի գովազդը մահակ է լինելու մասնավոր հեռուստաընկերությունների համար:
Իվետա Տոնոյանը, մասնավորապես, նշել է. «Հանրային հեռուստաընկերությունը լինելու է գերիշխող դիրքում: Բոլորն են հասկանում դրա լսարանը, ծածկույթի մեծությունը և մյուս առանձահատկությունները: Ես առավել քան վստահ եմ, որ այս պահին պետբյուջեից Հանրայինին հատկացվող միջոցները բավարար են որակյալ արտադրանք և բարձր աշխատավարձեր ապահովելու համար: Ամսական 1 միլիոն 200 հազար դոլարն այս ամենի համար բավարար է: Հանրայինի՝ վճարովի գովազդի վերաբերյալ իրավակարգավորումը կասկածի տակ է դնելու մասնավոր հեռուստաընկերությունների գոյության հարցը»:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, գովազդային շուկան վերաձևելու դեպքում, վտանգված համարելով մասնավոր հեռուստաընկերությունների գոյությունը, ահազանգում է, որ Հայաստանի իշխանությունները երկրում լրատվամիջոցների ազատ գործունեությունն ու բազմակարծությունը սահմանափակելու հերթական փորձն են անում: Մենք համակ ուշադրությամբ հետևելու ենք թեմային առնչվող իրադարձությունների զարգացմանը և հանրությանը տեղյակ ենք պահելու իշխանությունների իրական մտադրության մասին: Միևնույն ժամանակ, լրատվամիջոցների ազատ գործունեությունն ու բազմակարծությունը սահմանափակելու միտում ունեցող այս գործընթացի մասին ահազանգելու ենք միջազգային մասնագիտացված ատյաններ: