«Մեդիա պաշտպան»-ն այս անգամ հանդիպել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ապրիլի 5-ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի դիտորդական առաքելություն անցկացնելու շրջանակում շարունակում է հանդիպումների շարքը։
«Մեդիա պաշտպան»-ն այս անգամ հանդիպել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ։ Քննակվել են քարոզչության և սպասվելիք հանրաքվեի քվեարկության վերաբերյալ հարցեր։ Արծվիկ Մինասյանը ներկայացրել է ՀՅԴ-ի դիրքորոշումը, ըստ որի` հանրաքվեն նշանակվել է սահմանադրության կոպտագույն խախտումներով։ Մյուս կողմից, քաղաքական իշխանությունը օրենսդիր մարմնում ունեցած իր ձայների շնորհիվ պարտադրել է ապրիլի 5-ին անցկացնել այն, որն էլ, ըստ էության, ենթադրում է, որ քվեարկողները իրենց վերաբերմունքը պետք է արտահայտեն։ Իրենք հայտարարել են «ԱՅՈ»-ն բացառելու ուղղությամբ ձեռնարկվող գործողությունների մասին։ Դրանցից հիմնականը նախ` քվեարկողներին ուղված կոչն ու բացատրությունն է՝ չգնալ քվեարկության, քանի որ հակաօրինական ճանապարհով է նշանակվել այս հանրաքվեն։ Մյուս կողմից, կան բազմաթիվ անձինք, որոնք պարտադրված են գնալու, օրինակ` հանրային ծառայողները, զինծառայողները և այլն։ Նրանց հորդորում են կա՛մ «ՈՉ» քվեարկել, կա՛մ անվավեր դարձնել քվեաթերթիկը։ Այս մոտեցումները ներկայացնելիս նրանք օգտագործում են նաև «ՈՉ» քարոզչական հարթակի ընձեռած հնարավորությունները։ Նկատի առնելով քաղաքական իշխանության կողմից որդեգրված քարոզչական տակտիկան, այդ թվում ակնհայտ կեղծ, սուտ և հանրաքվեի դրված հարցին չառնչվող քարոզչության իրականացման փաստը, հավանականությունը մեծ է, որ այս խախտումներին կարող է ավելանալ նաև ապօրինի նշանակված հանրաքվեի արդյունքների կեղծումը՝ ի դեմս վերահսկվող քվեարկության կազմակերպման, ինչպես նաև` հաշվարկի գործընթացում քվեարկության արդյուքները աղավաղելը։ Հետևաբար, ՀՅԴ-ն հայտնել է իր աջակցությունը «ՈՉ» քարոզչական կողմին: Թեև ոչ բոլոր տեղամասերում են ՀՅԴ ներկայացուցիչներ լինելու, բայց մի շարք տեղամասերում, որտեղ իրենց վստահելի անձինք կլինեն, իրենք կհամագործակցեն «ՈՉ»-ի հետ՝ օժանդակելու քվեարկության օրը խախտումները կանխարգելելու և արձանագրելու ուղղությամբ։ Արծվիկ Մինասյանը նշել է, որ քարոզչությունը ընթանում է բացարձակապես հեղափոխության՝ «սևերի ու սպիտակների», «հների ու նորերի» տրամաբանության շրջանակում, ինչը չի համապատսախանում հանրաքվեի դրված հարցի բովանդակության հետ, նսեմացնում է հանրաքվե հասկացությունն ու ինստիտուտը և, ըստ էության, խնդիրը տեղափոխում էմոցիոնալ տիրույթ՝ փորձելով ձևավորել 2018թ.-ի բարձր էմոցիոնալ ֆոնը։ Կողմերը կարծիքներ են փոխանակել նաև Հայաստանի տնտեսական և անվտանգային զարգացումների վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել ինչպես քարոզարշավի ընթացքում, այնպես էլ քվեարկության օրը՝ ընտրախախտումները բացահայտելու ու հանրայնացնելու ուղղությամբ։