Մարտի 12-ին Հանրային հեռուստաընկերությունը 21 րոպե 30 վայրկյան հատկացրել է «Այո» շտաբին, 10 րոպե 40 վայրկյան «Ոչ» քարոզչական կողմին

Մարտի 12-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 35 րոպե 10 վայրկյան, որից 10 րոպե 40 վայրկյան հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 21 րոպե 30 վայրկյան «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, իսկ 3 րոպե եղել են չեզոք դիտարկումներ։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները՝ յուրաքանչյուրը մինչև 1 րոպե։

Ներկայացվել է «Կամք» հայկական արժեքների պաշտպանության հասարակական նախաձեռնության տեսահոլովակը (1 րոպե) որում  ասվում է, որ չկա սև կամ սպիտակ և ճիշտը եռագույնն է։ «Կամք» նախաձեռնության կոչ է արվում բոյկոտել հանրաքվեն։

Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Լիլիթ Աղբալյանի հետ զրույցում ՀՅԴ բյուրոյի անդամ Արծվիկ Մինասյանն, անդրադառնալով հանրաքվեին (9 րոպե 40 վայրկյան), ասել է. «Ինչ անում է քարոզչական «ԱՅՈ» թիմը, ոչ միայն կապ չունի հանրաքվեի դրված հարցի հետ, այլև՝ հակասահմանադրական այս գործողությամբ նսեմացվում է հանրաքվե հասկացությունը և ինստիտուտը։ Մենք հորդորում ենք մեր ընտրողներին, որպեսզի նրանք չգնան ընտրատեղամաս»։

Լուրերի թողարկման ընթացքում ցուցադրվել է «ԱՅՈ» շտաբի քարոզարշավը (20 րոպե 30 վայրկյան)։ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում նշել է. «Դատարաններն ու դատավորները չպետք է քաղաքականացված լինեն»։ Նա նաև հավելել է, որ Սահմանադրություն գրողները պլանավորել էին, որ առնվազն մինչև 2035 թվականը Հայաստանում ժողովրդավարություն, ժողովրդի իշխանություն չի լինելու։