Գովազդի վրա դրվող սահմանափակումները կծանրացնեն լրատվամիջոցների վիճակը և քայլ են մամուլի դեմ. Աղասի Ենոքյան (տեսանյութ)

Բուքմեյքերական կազմակերպությունների, վարկային կազմակերպությունների գովազդի արգելքը լրատվամիջոցներով բացասական ազդեցություն կունենա ԶԼՄ-ների վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով հրապարակումներին, որ նախատեսվում է նախագիծ դնել շրջանառության մեջ, համաձայն որի՝ կարգելվի վարկային կազմակերպությունների գովազդը լրատվամիջոցներում:

«Դրանք խոշոր գովազդատուներից են, այդ մեծ քանակի՝ 20-25 տոկոս են կազմում շուկայի, եթե դա շուկայից հանվի, լրատվամիջոցները կընկնեն ծանր դրության մեջ: Մենք լավատեղյակ ենք, որ շատ լրատվամիջոցներ հազիվ են կարողանում ծայրը ծայրին հասցնել, շահույթ ստանալու մասին էլ չեմ խոսում»,- ասաց Աղասի Ենոքյանը:

Անդրադառնալով լրատվամիջոցների իրական սեփականատերերի բացահայտման մասին իշխանության հայտարարություններին՝ Աղասի Ենոքյանն ասաց, որ դա իր համար անհասկանալի է. լրատվամիջոցը բիզնես է, և որևէ մեկն իր բիզնեսը չի տալիս ուրիշին:

Ինչ վերաբերում է ֆինանսավորման թափանցիկությանը, Աղասի Ենոքյանն ասաց.«Մենք գիտենք, որ ՀՀ տնտեսությունը կարող է գեներացնել սահմանափակ քանակությամբ գովազդ և դրա մի մասն էլ արգելվում է, գաղտնի չէ, որ շատ լրատվամիջոցներ ֆինանսական ներդրումներ են ունենում: Երբ մենք խոսում ենք լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության մասին, նաև խոսենք այն բոլոր լրատվամիջոցների մասին, որոնց ներկայացուցիչներն այսօր ԱԺ-ում են: Թող մի հատ իրենք ներկայացնեն, թե իրենց լրատվամիջոցներն ինչպես ու ինչ փողերով են ստեղծվել, թող իրենք լինեն առաջին թափանցիկը, հետո մյուսներից պահանջեն»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Սկզբնաղբյուրը՝ Tert.am