«Մեդիա պաշտպան»-ը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ապրիլի 5-ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի դիտորդական առաքելություն անցկացնելու շրջանակում շարունակում է հանդիպումների շարքը։ «Մեդիա պաշտպան»-ն այս անգամ հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանի և Գևորգ Գորգիսյանի հետ։ Պատգամավորները ներկայացրել են հանրաքվեի հետ կապված իրենց տեսակետները։ «Մեդիա պաշտպան»-ն իր հերթին ներկայացրել է իր դիտարկումները քարոզարշավի ընթացքի և արձանագրված խախտումերի վերաբերյալ։

Պատգամավորներն իրենց խոսքում նշել են, որ շարունակում են հետևողական լինել  իրենց կուսակցության հայտարարած սկզբունքին, այն է՝ քարոզարշավին չմասնակցել  որևէ ձևաչափով։ Ըստ նրանց՝ այդպես իշխող ուժը զրկվում է որևէ մեկին թիրախավորելու և քարոզչությունն իրենց ուզած հունով տանելու հնարավորությունից։

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել փոխօգնության պայմանավորվածություն։ Մինչ հանրաքվեն ու հանրաքվեի օրը, եթե այն կայանա՝ հաշվի առնելով համաճարակային իրավիճակը, «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը և ԼՀԿ-ն հայտնաբերված խնդիրների մասին տեղկացնելու են միմյանց՝ հանուն ընտրական ինստիտուտի պաշտպանության։ ԼՀԿ-ն, կարևորելով հանրաքվեի վերահսկողությունը, հույս է հայտնել, որ խախտումներ չեն արձանագրվի։