Հանրաքվեի քարոզարշավի 3-րդ շաբաթվա ընթացքում հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը «ԱՅՈ»-ի քարոզին «ՈՉ»-ի համեմատ կրկնակի ավել ժամանակ է հատկացրել

Մարտի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 193 րոպե 51 վայրկյան ժամանակ, որից 53 րոպե 8 վայրկյան հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 109 րոպե 35 վայրկյան՝ «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, 31 րոպե 8 վայրկյան եղել են չեզոք դիտարկումներ։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները՝ յուրաքանչյուրը մինչև 1 րոպե։

Մշտադիտարկված ժամանակահատվածում հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը չի անդրադարձել ԱԺ-ում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «ԱՅՈ»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանի ելույթին և այդ ելույթին հաջորդած «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի արձագանքին։  Ըստ Գևորգ Գորգիսյանի` Սուրեն Պապիկյանը օրենք է խախտել և, որպես պետպաշտոնյա, իր լիազորությունների կատարման ժամանակ ԱԺ ամբիոնից «ԱՅՈ»-ի քարոզչությամբ է զբաղվել: Իրավաբան, «ՈՉ»-ի քարոզչական կողմի ներկայացուցիչ Արսեն Բաբայանն այս առիթով արձանագրել է. «Այն հնարավոր «բացատրությունը», որ փաստը տեղի է ունեցել ժամը 18:00-ից հետո, հետևաբար՝ քարոզչությունը թույլատրելի էր, ամբողջովին հիմնազուրկ է, քանի որ անձը հանդես է եկել ի պաշտոնե»։ Արսեն Բաբայանը նաև հավելել է, որ խոսել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, որն իրեն հավաստիացրել է, որ ԿԸՀ-ն արձանագրում է բոլոր խախտումները:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն արձանագրում է, որ ապրիլի 5-ին նախանշված սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի 3-րդ շաբաթվա ընթացքում հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը, կրկնակի ավել ժամանակ հատկացնելով «ԱՅՈ»-ի քարոզին և չլուսաբանելով ԱԺ-ում սահմանադրական հանրաքվեի հետ կապված հանրային հնչեղություն ունեցող իրադարձությունը, շարունակել է կողմնակալ վերաբերմունք ցուցաբերել իշխանությունների օգտին, ինչը հակասում է հարկատուների գումարներով գործող հեռուստաընկերության գործառութային պարտավորություններին և մասնագիտական էթիկային։