Հանրային հեռուստաընկերությունը մարտի 11-ին հանրաքվեի քարոզարշավի ընթացքում «Այո» շտաբին տրամադրել է 42 րոպե, «Ոչ» քարոզչական կողմին 22 րոպե 22 վայրկյան եթերաժամանակ

Մարտի 11-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 91 րոպե 27 վայրկյան, որից 22 րոպե 22 վայրկյան հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 42 րոպե «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, չեզոք դիտարկումներին հատկացվել է 27 րոպե 5 վայրկյան։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները` յուրաքանչյուրը մինչև 1 րոպե տևողությամբ։

Լուրերի թողարկման ընթացքում տեղ է գտել իրավապաշտպան, «Ոչ» քարոզչական կողմի համակարգող Ռուբեն Մելիքյանի խոսքը (12 րոպե 20 վայրկյան), ըստ որի՝ հանրաքվեի նպատակն այն է, որ իշխանությունը վերահսկի դատական համակարգը։  Նա նաև հավելել է. «Այն, ինչ այսօր փորձում է անել իշխանությունը, սահմանադիր մարմինների լիազորությունների չեղարկում և դադարեցում է»։

Լուրերի թողարկման ընթացքում նաև անդրադարձ է եղել «Համահայկական ազգային համաձայնություն» շարժման ներկայացուցիչների նստացույցին (3 րոպե 30 վայրկյան)։ Նստացույցի մասնակիցները ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն համարում են հակաիրավական, կոչ են անում չմասնակցել։ ՀՀԿ-ն էլ հայտարարություն է տարածել (3 րոպե 55 վայրկյան), որի համաձայն՝ իրենք բոյկոտում են հանրաքվեն և մտադիր չեն աջակցել որևէ կողմի։ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ ասել է. «Ո՛չ «ՈՉ»-ի կողմնակից եմ, ո՛չ «ԱՅՈ»-ի, բայց եթե հասարակությունը սթափ լինի, պիտի վստահաբար գնա ու «ՈՉ» ասի»։

Լուրերի թողարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Այո» շտաբի քարոզարշավին։ Սուրեն Պապիկյանն իր խոսքում (38 րոպե 10 վայրկյան) նշել է, որ այսօրվա Սահմանադրական դատարանը նախորդ իշխանության ձեռքում է։ Ըստ Լիլիթ Մակունցի, դատավորներն իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ։ Դատավորների միակ պարտականությունն է ծառայել ՀՀ քաղաքացուն։

«Եկեք Հասկանանք» հաղորդաշարի (30 րոպե) հյուրերն են եղել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գոռ Հակոբյանը, իրավապաշտպան, ՀԱԿ երկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը։ Հաղորդման ընթացքում եղել են չեզոք դիտարկումներ։ «Այո»-ի գաղափարներին կողմ է եղել իրավապաշտպան, ՀԱԿ երկայացուցիչ Արմեն Խաչատրյանը (2 րոպե 40 վայրկյան)։ Նա նշել է, որ ՍԴ-ում կա ճգնաժամ։