Հանրային հեռուստաընկերությունը մարտի 9-ին հանրաքվեի քարոզարշավի ընթացքում «Այո» շտաբին տրամադրել է 23 րոպե, «Ոչ» քարոզչական կողմին 2 րոպե 46 վայրկյան եթերաժամանակ

Մարտի 9-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 27 րոպե 39 վայրկյան, որից 2 րոպե 46 վայրկյան հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 23 րոպե «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, իսկ 1 րոպե 53 վայրկյան եղել են չեզոք դիտարկումներ։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները` յուրաքանչյուրը մինչև 1 րոպե տևողությամբ։

Հանրային հեռուստաընկերության եթերում կրկին տեղ է գտել  «Ոչ» քարոզչական կողմի հայտարարությունը (1 րոպե 10)։ «Ոչ» քարոզչական կողմը շարունակում է վստահված անձանց ներգրավումը։

Լուրերի թողարկման ընթացքում տեղ է գտել ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքը (1 րոպե 36 վայրկյան)։ Ըստ նրա, որոշ խնդիրներ կան․ «Իշխանությունները հնարավորություն կունենան ներկայացնելու հանրաքվեի բուն նպատակը ու նպատակահարմարությունը, կոնկրետ կորոշակիանան հանրաքվեի բովանդակային մասի վրա, որովհետև առանձին դեպքերում մենք տեսնում ենք այստեղ ավելի շատ հեղափոխության քարոզարշավ է ընթանում»։

Լուրերի թողարկման ընթացքում տեղ է գտել նաև Էդմոն Մարուքյանի խոսքը (2 րոպե 45 վայրկյան)։ Մարուքյանը նշել է, որ հանրաքվեն կայանալու է և հավելել է, որ հանրությունը վստահում է իշխանություններին։ Մարուքյանն իր խոսքում նաև ասել է. «Ո՛չ «ԱՅՈ»-ի հաղթանակը, ո՛չ «ԱՅՈ»-ի չհաղթանակը որևէ ձևով մեծ էքսցեզների չի բերելու, որովհետև հարցը, որ դրված է հանրաքվեի, մեր իրողությունների հետ շատ քիչ առնչություն ունի»։

«Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի հյուրն է եղել «Այո» շտաբի համակարգող Սուրեն Պապիկյանը (20 րոպե)։ Նա նշել է, որ վարչական ռեսուրսի օգտագործման օրակարգը արհեստական է։ Ըստ նրա, հանրաքվի հետ կապված հանրության արձագանքը դրական է։