Հանրային հեռուստաընկերությունը մարտի 6֊ին հանրաքվեի քարոզարշավին տրամադրել է 15 րոպե 40 վայրկյան

Մարտի 6-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 15 րոպե 40 վայրկյան, որից 5 րոպե հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 8 րոպե 30 վայրկյան «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, 2 րոպե 10 վայրկյան եղել են չեզոք դիտարկումներ։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները`յուրաքանչյուրը մինչև 1 րոպե։

Լուրերի թողարկման ընթացքում տարածվել է «ՈՉ» քարոզչական կողմի վստահված անձանց հետ կապված հայտարարությունը (5 րոպե)։ Հայտարարության մեջ նշվել են հավատարմագրման համար անհրաժեշտ պահանջները։

Ցուցադրվել է նաև Հայկ Ստվերի՝ «ԱՅՈ»-ի քարոզչությանը նվիրված հոլովակը (1 րոպե 5վայրկյան):

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԱՄՆ-ում խոսել է ներքաղաքական զարգացումներից (5րոպե)։

Ալեն Սիմոնյանը նշել է, որ ներսում ծավալվող իրադարձությունների վրա դրսում ապրող հայերի ազդեցությունը շատ մեծ է և կարող է փոխել ցանկացած ընտրական գործընթացի ելք։ «Այն մարդկանցից, ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն և ունեն հնարավորություն քվեարկելու և գտնվում են հիմա այստեղ, ես կոչ եմ անում, որ ապրիլի 5-ին նրանք գտնվեն ՀՀ-ում և իրենց իրավունքը իրագործեն և մասնակցեն այդ քվեարկությանը»։

Հ.Գ. Հանրային հեռուստաընկերության լրատվականի պետը մեջբերում է պրոֆեսիոնալիզմ բառը և բողոքում է, որ «ՈՉ» քարոզչական կողմը պասիվ է և դա է պատճառը, որ «ՈՉ»֊ին քիչ ժամանակահատված է տրվում։ Այս արդարացումները տեղին կլինեին, եթե «Մեդիա պաշտպան» նախաձեռնության՝ Սուրեն Պապիկյանի ԱԺ ամբիոնից «ԱՅՈ» քարոզելը ֆիքսած Գևորգ Գորգիսյանի, իրավաբան Արսեն Բաբայանի և Տիգրան Մուկուչյանի զրույցը տեղ գտնեին Հանրային հեռուստաընկերության եթերում։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ֆիքսել է զուտ փաստի բացակայությունը, իսկ թե ինչո՞ւ է լրատվականի ղեկավարը արդարանում այլ հարցում, դա թողնենք լրատվական ղեկավար Պետրոս Ղազարյանին և շնորհավորենք իր կնոջ՝ ԿԳՄՍ փոխնախարար նշանակվելու կապակցությամբ։