Մարտի 5-ին Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 2 րոպե 15 վայրկյան

Մարտի 5-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 2 րոպե 15 վայրկյան, որից 1 րոպե 10 վայրկյան հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 1 րոպե 5 վայրկյան՝ «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, չեզոք դիտարկումներ չեն  եղել: Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները` յուրաքանչյուրը մինչև 1 րոպե։

Հանրային հեռուստաընկերությունը անդրադարձ չի կատարել ԱԺ-ում Սուրեն Պապիկյանի ելույթին և ԼՀԿ կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի արձագանքին։ Ըստ Գորգիսյանի` Սուրեն Պապիկյանը սահմանադրական կարգ է խախտել և որպես պետպաշտոնյա իր լիազորությունների ժամանակ ԱԺ ամբիոնից «Այո» քարոզչություն է իրականացրել։ Իրավաբան «Ոչ» քաղաքական կողմի ներկայացուցիչ Արսեն Բաբայանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այն հնարավոր «բացատրությունը», որ փաստը տեղի է ունեցել ժամը 18:00-ից հետո, հետևաբար՝ քարոզչությունը թույլատրելի էր, ամբողջովին հիմնազուրկ է, քանի որ եթե անձը հանդես է գալիս ի պաշտոնե (որպես պաշտոնատար անձ)՝ ինչպես տվյալ դեպքում էր, որևէ նշանակություն չունի օրը կամ ժամը»։ Արսեն Բաբայանը հեռախոսազրույց էր ունեցել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ։ Ըստ Բաբայանի՝ ԿԸՀ նախագահը տեղեկացրել է, որ ԿԸՀ-ն հետեւում է առերեւույթ խախտումների վերաբերյալ արձանագրումներին եւ արդեն ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ։