Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանն ու նրա կողմնակիցները խոչընդոտել են լրատվամիջոցի գործունեությունը. «Մեդիա պաշտպան» նախաձեռնություն

Մարտի 6-ին Արցախի Հանրապետության Ասկերան քաղաքում ընտրողների հետ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի եւ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հանդիպման ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որը կարող է ստվեր նետել Արցախում ընթացող նախագահական ընտրությունների քարոզարշավի ազատ և ժողովրդավարական էության վրա: Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը և նրա ազգական Հովիկ Մայիլյանը խոչընդոտել են «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողական թիմի աշխատանքը:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանին զերծ մնալ լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտելուց և լրագրողների հանդեպ կոպիտ վարքագիծ դրսևորելու գործելաոճից: Միևնույն ժամանակ, կոչ ենք անում Արցախի Հանրապետության իշխանություններին նախընտրական քարոզարշավի ընթացքում ապահովել լրատվամիջոցների ազատ և անխոչընդոտ գործունեությունը և ապահովել քարոզարշավի թափանցիկությունը: