Հանրային հեռուստաընկերության գործելաոճը մտահոգիչ է. քարոզարշավի երկրորդ շաբաթվա ընթացքում Հանրայինը շարունակել է «ԱՅՈ»-ի քարոզին ավելի շատ ժամանակ հատկացնել. «Մեդիա պաշտպան» նախաձեռնություն

Փետրվարի 27-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 160 րոպե 16 վայրկյան, որից 19 րոպե 45 վայրկյան հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 38 րոպե 41 վայրկյան ՝«ԱՅՈ»-ի կողմնակիցներին, 101 րոպե 50 վայրկյան եղել են չեզոք դիտարկումներ։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները՝ յուրաքանչյուրը մինչև 1 րոպե։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն արձանագրում է, որ Հանրային հեռուստաընկերությունը «ԱՅՈ» շտաբի թաքնված գովազդ է իրականացրել։ Հանրային միջոցներով գործող հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել «ԱՅՈ» տարբերանշանի իրական հեղինակների մասին, որը երկու օր` փետրվարի 27-ին և 28-ին տարբեր ժամերի հեռարձակվել է լուրերի թողարկման ընթացքում։ «ՈՉ» քարոզչական կողմի համար նմանատիպ որևէ ռեպորտաժ չէր առանձնացվել։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն արձանագրել է նաև, որ եթեր է տրամադրվել ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին, որն անդրադառնալով Սահմանադրական դատարանին, նշել էր, որ ՍԴ-ն սխալ որոշում է կայացրել ԲԴԽ-ի հետ կապված։ Ռեպորտաժում հակառակ որևէ կարծիք ներկայացված չի եղել։ Սա ևս մասնագիտական էթիկայի խախտում է և հանրաքվեին նախորդող ժամանակահատվածում ՍԴ֊ի դեմ նման միակողմանի հարցազրույցը պետք է դիտարկել իբրև «ԱՅՈ»֊ի քարոզչություն։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությանը պահպանել անկողմնակալությունը և ապրիլի 5-ին նախատեսված սահամանադրական հանրաքվեի քարոզարշավը լուսաբանել հավասարության և մասնագիտական էթիկայի պահպանման սկզբունքներին համահունչ։