Պասիվ քարոզչություն՝ ձմռան վերջին օրը

Փետրվարի 29-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 43 րոպե, որից 1 րոպե հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 3 րոպե՝ «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, իսկ 39 րոպե՝ չեզոք դիտարկումներին։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները՝ յուրաքանչյուրը մինչև 1 րոպե տևողությամբ։

Հանրայինի լուրերի թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակցիային, որի ընթացքում վարչապետը «ԱՅՈ»-ի քարոզչական բուկլետներ է բաժանել քաղաքի փողոցներում (1 րոպե 45 վայրկյան)։

Վերհեռարձակվել է նաև «Խաղի կանոններ» հաղորդաշարը, որի հյուրերն են եղել մեդիափորձագետ Գեղամ Վարդանյանը, լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանը, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը և Գորիսի մամուլի ակումբի նախագահ Սուսաննա Շահնազարյանը։ Հիշեցնենք, որ բանախոսները եղել են չեզոք և որևէ կողմի նախապատվություն չեն տվել։