Փետրվարի 26-ին Հանրային Հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի «ԱՅՈ» կողմին հատկացրել է 13, «ՈՉ»ին՝ 7 րոպե

Փետրվարի 26-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 29 րոպե 20 վայրկյան, որից 7 րոպեն հատկացվել է «ՈՉ»֊ի շտաբի կողմնակիցներին, 13 րոպեն «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, իսկ 9 րոպե 20 վայրկյան եղել են չեզոք դիտարկումներ։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները՝ յուրաքանչյուրը մինչև 1 րոպե տևողությամբ։

Լուրերի թողարկման ընթացքում անդրադարձ է եղել «Այո» շտաբի համակարգող Սուրեն Պապիկյանի ասուլիսին (11 րոպե 30 վայրկյան), որտեղ վերջինս նշել է, որ «Այո» շտաբը քարոզարշավը սկսելու է մարտի 2-ից, իսկ վարչապետը քարոզարշավին միանալու է մարտի 10-11-ից սկսած։

Լուրերի թողարկմանն անդրադարձ է եղել նաև «Ոչ» շտաբի համակարգող Ռուբեն Մելիքյանի հայտարարությանը (6 րոպե)։ Ռուբեն Մելիքյանը անդրադարձել է ՔՊ կուսակցության հանրաքվեի համար կազմակերպված դրամահավաքին, որտեղ հավաքվել է 205 մլն. դրամ։ Նա նշել է, որ ըստ օրենքի,  100 մլն դրամից ավելի հավաքված գումարը պետք է փոխանցվի պետբյուջե և հավելել է. «Քաղաքական իշխանության ներկայացուցիչներին առաջարկում ենք պահպանել հանրության առջև ստանձնած հանձնառությունը և հանրաքվեն կարգավորող օրենսդրության տրամաբանությունը՝ ապահովելով օրենքով սահմանված 100 միլիոն ՀՀ դրամը գերազանցող հանգանակության գումարի (շուրջ 105 միլիոն դրամ) փոխանցումը ՀՀ պետական բյուջե»։