Փետրվարի 23-ին Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 48 րոպե 34 վայրկյան

Փետրվարի 23-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 48 րոպե 34 վայրկյան, որից 1 րոպե 4 վայրկյան հատկացվել է «ՈՉ»֊ի շտաբի կողմնակիցներին, 20 րոպե 40 վայրկյան «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, իսկ 27 րոպեն չեզոք դիտարկումներ են եղել։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները՝ յուրաքանչյուրը մինչև 1 րոպե տևողությամբ։

«Հանրային քննարկում» հաղորդման շրջանակում անդրադարձ է եղել սահմանադարական փոփոխությունների հանրաքվեին։ Հաղորդաշարի հյուրերն էին Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։ Հաղորդման ընթացքում «Այո»-ին կողմ է արտահայտվել Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը (16 րոպե 20 վայրկյան)։ Չեզոք դիրքորոշում են ունեցել «Ժառանգության» ներկայացուցիչ Նարինե Դիլբարյանը (12 րոպե 15 վայրկյան) և ՔՈ կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը (15 րոպե)։ Միքայել Նահապետյանն իր խոսքում կողմ է եղել հանրաքվեին՝ որպես ուղիղ ժողովրդավարության սկզբունք, բայց նա խիստ կասկածներ է հայտնել, որ սահմանադրական փոփոխություններից հետո, եթե «Այո»-ն հաղթի, նոր Սահմանադրական դատարանը չի լինելու անկախ և այժմ էլ ծառայելու է ներկա իշխանություններին։ Նա նաև նշել է, որ չի գնա մի քվեարկության, որի դեպքում, ըստ նրա, ո՛չ «Այո»-ն է օգուտ բերելու, ո՛չ էլ՝ «Ոչ»-ը։