Փետրվարի 21-ին Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 74 րոպե, 27 վայրկյան ժամանակ

Փետրվարի 21-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 74 րոպե 20 վայրկյան, որից 27 րոպեն հատկացվել է «ՈՉ»֊ի շտաբի կողմնակիցներին, 4 րոպե 50 վայրկյան «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, իսկ 42 րոպե 30 վայրկյան եղել է չեզոք դիտարկումներ։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները՝ յուրաքանչյուրը մինչև 1 րոպե տևողությամբ։ «ՈՉ»-ի քարոզի շրջանակներում Հանրայինի լուրերի թողարկման ընթացքում մեջբերվել է «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը (4 րոպե)։ «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարին հյուրընկալվել է իրավապաշտպան, «ՈՉ»-ի քարոզարշավը համակարգող Ռուբեն Մելիքյանը (21 րոպե)։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը արձանագրում է, որ հարցազրույցի մեծ մասի ընթացքում Պետրոս Ղազարյանը իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին շեղել է խոսակցության հիմնական թեմայից՝  քննարկումը բովանդակային դաշտից տեղափոխելով թեմայի հետ անմիջականորեն կապ չունեցող դաշտ:

Հանրայինի եթերում «Խաղի կանոններ» հաղորդաշարի ընթացքում նույնպես քննարկվել է սահմանադրական հանրաքվեի թեման: Հաղորդմանը ընդհանուր հատկացվել է 43 րոպե 30 վայրկյան։ Հաղորդման հյուրերն են եղել «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ Փետրվարի 21-ին Հանրայինի եթերում «ԱՅՈ» քարոզի շրջանակներում տեղ է գտել նաև ԱԺ «Իմ Քայլը» դաշինքի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքը (4 րոպե)։