ՀՀ ԱԳ Նախարարության մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ

2020 թ-ի փետրվարի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 407 հոդված, որոնցից 73-ը եղել է բացասական, 4-ը՝ դրական, 330-ը՝ չեզոք։

ՀՀ ԱԳ Նախարարության մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով Արցախի բանակցային գործընթացին, գրել է. «Եթե վերլուծենք ԱԳՆ հայտարարությունը` Ժնևում կայացած բանակցությունների մասին, ապա, սակավ տեղեկության պարագայում, ես ուշադրություն կդարձնեի մի շատ կարևոր դրույթի վրա, խոսքը «հումանիտար ասպեկտի» մասին է, որի մասին շատ հպանցիկ ասաց մեր ԱԳՆ-ն։Կներեք, իսկ հստակ ինչ է ենթադրում «հումանիտար» քայլերի տրամաբանությունը, եթե դա նշանակում է ինչ-որ տարգետային խմբերի փոխայցելության ծրագրեր, ապա դա ինչ-որ տեղ հասկանալի է, բայց եթե օրինակ քննարկվում են տարբերակներ հայերի և ադրբեջանցիների միասնական բնակավայրերի ինչ-որ ծրագրեր, ապա կրկին վերհաստատեմ իմ դիրքորոշումը առ այն, որ դա չափազանց վատ և վտանգավոր միտք է, քանզի այս տիպի նախագծերը անպայման ունենալու են շատ ծանր հետևանքներ ղարաբաղյան հիմնախնդրի գլոբալ փիլիսոփայության համար»։

ԱԳՆ-ի և Վիտալի Բալասանյանի միջև առճակատում է սկսվել։ Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Այն հանգամանքը, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնը նույնացնում է «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ» եզրույթի հետ, կրկին անգամ հաստատում է, որ Վիտալի Բալասանյանի կողմից տրված գնահատականը համապատասխանում է իրականությանը. այն է՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ժնևում կայացած հանդիպման ժամանակ «քննարկվել են Քաշաթաղի (Լաչինի) շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու» և «այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու» հարցը»:

«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը նույնպես անդրադարձել է «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ» արտահայտությանը և քննադատել է նման ձևակերպումը։

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն, անդրադառնալով վերոնշյալ արտահայտությանն, ասել է. «ՀՀ ԱԳՆ-ն ասում է, որ՝ «Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ» տերմինն օգտագործվում է 1992-ից, այո, բայց դա ճիշտ էր 1992-ի համար, մենք արդեն 28 տարի ապրում ենք կայացած իփսո ֆակտո (Ipso facto) պետության մեջ: Ipso facto-ն չի վերաբերում ճանաչմանը, այլ, որ այն կա, որ այն պետություն է: Այսինքն՝ «դե ֆակտո»-ն և «դե յուրե»-ն վերաբերում են ճանաչմանը, իսկ «իփսո ֆակտո»-ն՝ պետության գոյությանը և զարգացմանը: Չի կարելի 2020-ին օգտագործել 1992-ի տերմինոլոգիան, մի տերմին, երբ նոր էր սկսվել Արցախի հարցի քննարկման միջազգայնացումը»։