Հրայր Թամրազյանը դարձյալ չեզոք չէր

Ազատություն TV-ի փետրվարի 16-ի կիրակնօրյա թողարկմանը Հրայր Թամրազյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հետ զրույցում պաշտպանեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին։ Պատասխանելով Թամրազյանի հարցին, թե՝ անարդար իրավիճակ չէ՞, որ ՍԴ նախագահը մնացել է իր պաշտոնում, Գորգիսյանը նշեց․ «Շատ անարդար է, բայց նույնքան անարդար է, որ մնացել են կենտրոնական բանկի նախագահը, գլխավոր դատախազը։ Դուք սխալ կողմից եք հարցին մոտենում։ Երբ Վահե Գրիգորյանը մտավ ՍԴ և հորինեց խնդիր, թերևս, միակ ճգնաժամը այդ կառույցում երևի ինքն էր, մինչև իր էնտեղ գնալը իշխանությունները նորմալ աշխատում էին ՍԴ-ի հետ»։ Թամրազյանը ընդհատեց․ «Բայց ինքը բացահայտեց շատ կարևոր բան»։ Գորգիսյանը հակադարձեց․ «Ինքը չբացահայտեց, ինքը հորինեց»։ Գորգիսյանի պատասխանները Թամրազյանին դուր չէին գալիս, նա պարբերաբար ընդհատում էր հյուրին՝ արտահայտելով իր վրդովմունքը․ «Երբ որ բարեփոխումներ են իրականացվում հերթով, միթե դա վատ է, երբ որ դուք ունեք ղեկավար, որը լեգիտիմ է։ Լավ է՞, որ նախկին ղեկավարները գնում էին, քնում են հանդիպումների ժամանակ»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ֆիքսել է, որ Ազատության տաղավարում իշխանության տեսակետը չկիսող գործիչների նկատմամբ անհանդուրժողականություն կա։ Լրագրողը պարտավոր է չեզոք լինել, մինչդեռ քաղաքական համակրանքներն ակնհայտ ի ցույց են դրվում։ Նկատենք, որ այս կիրակի խոսքի հնարավորություն էր տրվել նաև ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին։