Հայկ Մարությանի մասին հրապարակվել են մեծ թվով բացասական հոդվածներ

2020թ-ի փետրվարի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 172 հոդված, որոնցից 106-ը եղել է բացասական, 24-ը՝ դրական, 42-ը՝ չեզոք։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասին հրապարակվել են մեծ թվով բացասական հոդվածներ։ Հրապարակումների համաձայն, փետրվարի 1-ին Երևանի քաղաքապետարանում հերթական պարգևավճարներն են տրվել: Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ պարգևատրվել են քաղաքապետարանի 22 աշխատակից: Ըստ լրատվականի, հունվարին աշխատած 17 օրվա համար Երևանի քաղաքապետը 65 մլն 900 դրամի պարգևավճար է տվել։
Լրատվականներում քննադատական հրապարակումներ կան Երևանի տրանսպորտային ցանցի վերաբերյալ։ Նշվում է, որ տրանսպորտով երթևեկելը քաղաքացու առողջության եւ կյանքի համար վտանգավոր է։ Վերլուծականում ասված է. «Ոչ միայն քաղաքապետ Հայկ Մարությանը, տրանսպորտի հարցերով զբաղվող վարչությունը՝ ի դեմս պետի ԺՊ Էդգար Գալստյանի, եւս իրավիճակին չի տիրապետում: Թե երեւանցիների ուղեւորափոխադրումը հասարակական ինչպիսի տրանսպորտով կամ ինչ պայմաններում է կատարվում, քաղաքապետ Հայկ Մարությանին, կարծես թե, չի էլ մտահոգում»:
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, անդրադառնալով մանկապարտեզների տնօրենների և Շենգավիթ համայնքի ղեկավարի միջև կայացած հանդիպմանն ու այդ հանդիպմանը ոստիկանության ներկայությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Որ ասում եմ Հայկ Մարությանը և իր արբանյակներն անատամ իշխանություն են, չեք հավատում: Հասկանո՞ւմ եք՝ ինչքան չկայացած պիտի լինեն, որ իրենց ենթակայության տակ գտնվող մանկավարժներին վերահսկել չկարողանան և դիմեն ոստիկանական մահակի օգնությանը:Դուք մանկավարժին գնահատել չգիտեք, տո դուք ձեր ծնողների վրա էլ ոստիկան կկանչեք: Ամոթ ունեցեք պարոնայք, ամոթ»:
Տարածված լուրերի համաձայն, Հայկ Մարությանի կինը՝ Իվան, զբաղվում է Հայկ Մարությանի գործերով։ Ըստ հրապարակումների, նա կատարում է Երեւանի քաղաքապետի խորհրդականի կամ օգնականի գործը, բանակցում է տարբեր մարդկանց հետ, նշանակումների հարցում միջնորդում, հանդիպում թեկնածուների հետ։ Եվ, ահա, վերջերս ավագանու անդամները քննարկման են հրավիրել Հայկ Մարությանին եւ կոնկրետ հարց բարձրացրել, որ նրա կինն այլեւս չպետք է խառնվի քաղաքապետի պաշտոնական գործառույթներին։ Հրապարակումներից մեկի համաձայն, Իվան և Հայկ Մարությանը հանդիպել են «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանին և ասել, որ նա այևս իրենց վստահությունը չի վայելում։