ՀՀ ԱԳՆ-ի մասին հոդվածները կրկին բացասական են

2020 թ-ի հունվարի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 654 հոդված, որոնցից 84-ը եղել է բացասական, 11-ը՝ դրական, 559-ը՝ չեզոք։

ՀՀ ԱԳՆ-ի մասին հոդվածներն այս տասնօրյակում ևս բացասական են եղել։ «Գոլոս Արմենիա» թերթի փոխխմբագիր Մարինա Գրիգորյանն, անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ժնևյան հանդիպմանը, ասել է. «ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ խոսվում է բանակցությունների մասին, թեպետ Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, թե նպատակ չունի բանակցություններ վարել առանց Արցախի: Հասկանալի չէ նաև՝ խաղաղության ինչ նախապատրաստման մասին են խոսում համանախագահները՝ համառորեն չցանկանալով նկատել Ադրբեջանում հայատյաց պետական քաղաքականությունը, ինչի դրսևորումը մենք տեսնում ենք գրեթե ամեն օր»։ Ըստ փորձագետի՝ ամենից շատ տագնապի տեղիք է տվել ՀՀ ԱԳՆ-ում տեղ գտած հետևյալ ձևակերպումը՝ «ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը»:

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների նման հանդիպումները հայ ժողովրդի ազգային անվտանգությանը սպառնալիք են թաքցնում իրենց մեջ,- այս մասին ասել է Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։ Նրա խոսքերով՝ հայտարարության տեքստից կարելի է եզրակացնել այն մասին, որ քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպես ժողովուրդներին խաղաղության պատրաստելը եւ հետագա կարգավորման համար բազիս ստեղծելը։

«Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնն այսօր հայտարարել է, որ Ղարաբաղի հարցում գարնանը սպասվում է առաջընթաց: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում, սա Ադրբեջանը չէ, որ մեր հաշմանդամ ԱԳՆ իր մշտական «պլաստինկան» միացնի, թե ադրբեջանական քարոզչամեքենային ինչ եք լսում»:

Փաստացի, հասարակության և փորձագիտական շրջանակներում մտահոգություն են հայտնում բանակցային գործընթացի հետ կապված և նշվում է, որ կան բազմաթիվ հարցեր, որոնք հիմնականում անպատասխան են մնում։