Ազատության լրագրողի «հարց-պնդումներն» ու Էդմոն Մարուքյանի սպառիչ պատասխանները

«Ազատություն TV»-ի տաղավարում փետրվարի 6-ին Կարլեն Ասլանյանի հյուրը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էր։ Լրագրողը գրեթե բոլոր հարցերում իր կարծիքն էր արտահայտում․ «Դուք ընդունում եք, որ Հրայր Թովմասյանն առնվազն անազնիվ գործարքի հետևանքով է ստանձնել ՍԴ նախագահի պաշտոնը», «Դուք ուզում եք, որ Հրայր Թովմասյանը օր առաջ պաշտոնանակ արվի»․․․ Էդմոն Մարուքյանի այն կարծիքին, որ հանրաքվեն արկածախնդրություն է, հարված է Հայաստանի Հանրապետության տնտեսությանը, հարված է Սահմանադրությանը, գործընթացն ամբողջովին հակասում ՀՀ սահմանադրությանը, ՀՀ միջազգային պարտավորություններին և չի բացառվում, որ ՍԴ դիմելու նախաձեռնություն սկսեն, լրագրողն արձագանքեց․․․ «Եթե դուք նման բան անեք, գնդակը նորից գլորելու եք Հրայր Թովմասյանի դաշտ, ավելին՝ սկուտեղի վրա նվեր եք անելու, որ խնդրեմ, նորից կասեցրեք»։ Մարուքյանը նշեց․ «Ինձ հետաքրքիր չէ Հրայր Թովմասյանի դաշտը։ Մենք ինստիտուտներին նայում ենք որպես ինստիտուտներ։ Վարչապետը սա դարձրել է իր անձնական հարցը, մենք պետություն չունենք որևէ մեկի համար անձնական հարցեր լուծելու»։  Լրագրողի այն պնդմանը, թե՝ դուք ուզեք, թե չուզեք նախկինների հետ նույն ճամբարում եք այսօր, նրանք են միայն Հրայր Թովմասյանին պաշտպանում, Մարուքյանն արձագանքեց․ «Իրանց ֆրակցիայում են պատգամավորներ նստած, որոնք Հրայր Թովմասյան են ընտրել․․․ Հեղափոխությունից հետո ՍԴ-ի խնդիր չի դրվել, հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը Հրայր Թովմասյանի հետ շամպայն էին խմում։ Երբ  խորհրդարանը ընտրեց Վահե Գրիգորյանին,  էնդեղից սկսվեց էս պրոցեսը։ Իրենք անհատական, հատային խնդիրներ են լուծում։ Բայց էդ հատային խնդիրները կարելի է դնել 88 հոգով լուծել,  ինչու եք ՀՀ  2․5 միլիոն ընտրողներին տներից հանում, փող ծախսում, երկիրը մտցնում հանրաքվեի քարոզչության մեջ, որ ձեր անձնական խնդիրները լուծեք, ձեր գրիչների պատմության համար ժողովուրդը գերի ա ընկել»։  Այնուհետ լրագրողը հարցրեց՝ «Դուք լեգիտիմ կամարտահայտությունը օրենքի խախտում եք համարում»։ Էդմոն Մարուքյանը հակադարձեց․ «Հնարավոր չէ օրենքի խախտումներով արդարություն  վերականգնել, ինչ ցանես, այդ էլ հնձելու ես։ Այսօր այս ճանապարհով գնաց, վաղը իշխանափողություն եղավ, Նիկոլ Փաշինյանի նշանակած դատավորներին բոլորին դուրս են շպրտելու, սա վատ նախադեպ է լինելու պետության համար, ավելին՝ խնդիրներ ենք ունենալու Եվրոպայում, խնդիրներ ենք ունանելու տարածաշրջանում։ Վարչապետի ելույթը ահաբեկիչ էր, երբեք նման ձևով, նման մոտեցումով սպառնալիք չի եղել։ Մենք թույլ չենք տա, որ Հայաստանի խոհրդարանը դառնա պալիտ բյուրո, մեկը խոսի, մյուսները ծափ տան։ Հայաստանը Հյուսիսային Կորեա չի դառնալու, մենք թույլ չենք տա։ Էս պրոցեսները լավ տեղ չեն տանում»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Ազատության լրագրողին մնալ մասնագիտական էթիկայի սահմաններում՝ պահպանել չեզոքության սկզբունքը։ Բազմիցս ենք նկատել, որ Ազատությունը վերածվել է իշխանության քարոզչամեքենայի, ուր լրագրողներն ազատորեն արտահայտում են իրենց քաղաքական նախասիրությունները։