ՀՀ ՊՆ-ի մասին դիտարկվել են մեծ թվով բացասական հոդվածներ

2020 թ-ի հունվարի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Պաշտպանության նախարարությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 278 հոդված, որոնցից 43-ը եղել է բացասական, 1-ը՝ դրական, 234-ը՝ չեզոք։

ՀՀ ՊՆ-ի մասին դիտարկվել են մեծ թվով բացասական հոդվածներ։ Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը նշել է, որ տարբեր խնդիրներ կան։ Նա ասել է, որ ամեն օր լսում են, որ զինվորների ծնողներին օգնություն է պետք և Եռաբլուրում որևէ բան բարեկարգելու համար մեծ գումարներ են պետք. «Ում տանում ես Եռաբլուր, որ ինչ-որ մի աշխատանք անեն, այնպիսի թվեր են ասում, որ դու ապշում ես, մտածում ես՝ այդ տղաներն ո՞ւմ համար գնացին: Ասում ես՝ ուզում եմ ջրային համակարգ, ասում են՝ այս թիվն արժե, ամեն ինչից հիասթափվում ես այդ պահին: Հիմնադրամը ստեղծել եմ հենց զոհվածների և այն սպաների համար, որոնք առաջնագծում են և օգնության կարիք ունեն: Պաշտպանության նախարարությունը անցած տարի ջրային համակարգը խոստացավ, նախարարը ասաց՝ մեկ շաբաթից կլինի, ու մինչև օրս լուր չկա»։

Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության, 2019 թվականին հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ՊՆ N համարի զորամասից 85 տոննա դիզվառելիք է հափշտակվել։ Հետախուզվողը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Հրապարակումներից մեկի համաձայն էլ, 2019 թվականին ՊՆ մահացության առնվազն 5 դեպք ՊՆ-ն չի հրապարակել։