«Մեդիա պաշտպան»-ը անհանգստություն է հայտնում Ազատություն TV-ի նման կողմնապահ վերաբերմունքի առթիվ

Ազատություն TV-ի հունվարի 19-ի կիրակնօրյա թողարկման եթերում Հրայր Թամրազյանի հյուրերն էին Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, Հեռուստատեսության և Ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը և «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը։ Քննարկման թեմաներն էին՝ ԱԱԾ նախկին տնօրենի մահը, «Հայկական ժամանակ»-ի հոդվածը, Մարիամ Փաշինյանի գրառումն ու Արթուր Վանեցյանի պատասխանը, տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում նախատեսվող օրենսդրական փոփոխությունները, հայաստանյան մեդիա դաշտին առնչվող խնդիրները, մասնավորապես, վարկանիշ, գովազդային շուկա։ Այս ամենը ներկայացվում էր խիստ սուբյեկտիվ, չկար հակադիր կարծիք։ Իշխանության մոտեցումները պաշտպանում էին ոչ միայն հյուրերը, այլև Հրայր Թամրազյանը, որն ուղղորդող հարցերից բացի, նաև կարծիք էր հայտնում․ «Ես կարծում եմ շատ ճիշտ գաղափար է հանրային հեռուստաընկերությանը գովազդային դաշտ բերելը»։  Խոսվում էր մեդիամանիպուլյացիաների խնդրի մասին, մինչդեռ Հրայր Թամրազյանը «Հայկական ժամանակ»-ի հոդվածը վերապատմելուց հետո, մի քանի անգամ նշում էր, որ մեդիադաշտում լուրջ արշավ է սկսվել վարչապետի ընտանիքի դեմ, որը կոորդինացնում է ԱԱԾ նախկին տնօրենը։ Առհասարակ, վերջին շրջանում Ազատությունը թիրախավորել է ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանին, դրա մասին են վկայում նաև ընտրված վերնագրերը, ինչպես օրինակ՝ «Վանեցյանի շանսերը զրոյական են, նա կերել էր ռուսների խայծը ու հավատացել, որ հաջորդ վարչապետն է»։ «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի հետ զրույցից առաջ ցուցադրվեց ԱԺ-ում հիգշաբթի տեղի ունեցած նրա ելույթից մի հատված, որը եթերում կրկին բառացի մեջբերեց Թամրազյանը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անհանգստություն է հայտնում Ազատություն TV-ի, մասնավորապես նրա ղեկավարի նման կողմնապահ վերաբերմունքի առթիվ։  Պարբերաբար նկատում ենք, որ Ազատությունը խախտում է լրագրողական էթիկայի նորմերը, բայց երեկվա կիրակնօրյա թողարկումը անցնում էր թույլատրելի բոլոր սահմանները։