Ազգային Ժողովի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ

2020 թ-ի հունվարի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 294 հոդված, որոնցից 128-ը եղել է բացասական, 22՝ ը դրական, 144-ը՝ չեզոք։

Ազգային Ժողովի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ։ Ըստ հրապարակումների, խնդիր կա Սևանի ջրառի հետ։ Հրապարակման համաձայն, 2019 թվականին կառավարությունն ԱԺ-ի թույլտվությամբ որոշեց Սևանից 2019 թ.-ին ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի ծավալն ավելացնել 170 մլն խ/մ-ով։ Ավելի ուշ հայտարարվեց, որ այդ ծավալն ամբողջությամբ չի օգտագործվել։ Հրապարակման մեջ ասված է նաև. «Ամիսներ առաջ ԱԺ-ում ջրային կոմիտեի նախագահը տարօրինակ անվանեց այն երևույթները, որ կատարվում են Սևանի մակարդակի բարձրացման և իջեցման շուրջ: Մինչ այդ էլ ջրային կոմիտեն պնդում էր, որ սեպտեմբերի 24-ից մի գրամ ջուր չեն հանել, բայց լիճը 3 սմ մակարդակով իջել է»:

ԱԺ-ն քննադատությունների է արժանացել նաև Իրան-ԱՄՆ հարաբերությունների սրացման պատճառով։ Լրատվականները գրում են, որ ԱԺ խոսնակը, որև բան չասաց այս իրադարձությունների մասին։ Նշվում է նաև, որ անգործության է մատնված նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որը կարծես այդ օրերին չի էլ նկատել դեպքերը։

Շարունակում է քննադատվել նաև ԱԺ-ի կողմից ընդունված ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։ Շատերն այստեղ կոռուպցիա են տեսնում և անընդունելի են համարում նման օրենքի գոյությունը։ Նշվում է, եթե դատավորները վատն են ու կոռուպցիոներ, այդ դեպքում, ինչո՞ւ պետք է բարձր թոշակ ստանան պետությունից։

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը գրել է, որ այդ օրենքն այլևս գոյություն չունի քանի-որ խախտումներով է ընդունվել․ «Պատգամավոր Ս. Գրիգորյանի կողմից բանավոր առաջարկները կատարվել և հանձնաժողովի կողմից ընդունվել են ՀՀ ԱԺ Աշխատակարգի 42–րդ կետի սահմանած պահանջների խախտմամբ: Այն է՝ առաջարկները չեն ձևակերպվել որպես նոր խմբագրություն (5-րդ ենթակետ), կամ որպես նոր փոփոխություն կամ լրացում (6-րդ ենթակետ): Այդ բանավոր առաջարկները որևէ հստակ ձևակերպում չեն ունեցել»: