Կիբերհարձակման է ենթարկվել ArmLur.am-ը

Հունվարի 9-ին Armlur.am լրատվականի տարածած հաղորդագրության համաձայն, իրենց կայքը ենթարկվել է DDoS հակերային հարձակման միանգամից 53 պետությունից։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կապ հաստատեց գլխավոր խմբագրի հետ։ Քնար Մանուկյանը նշեց, որ մասնագետներն արդեն զբաղվում են հարցով։ «Ինձ համար տարօրինակ է, չեմ հասկանում, թե ինչ է տեղի ունեցել ու ինչո՞ւ պետք է կայքը հարձակման ենթարկվեր»,- նշում է Քնար Մանուկյանը։

Գլխավոր խմբագրի խոսքով՝ իրենք արդեն դիմել են ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին, հույս ունեն, որ ուժային կառույցները բացահայտեն, թե ինչ է տեղի ունեցել, և արդյոք դա իրենց խմբագրության վրա հարձակման դեպքի շարունակությունը կարող է լինել։

«Անկեղծ ասած, կայքը մշտապես իրավապահների ուշադրության կենտրոնում է եղել, հետո հարձակում եղավ խմբագրության վրա, պատահում է, որ կայքը սկսում է չաշխատել։ Այս ամենը բազմաթիվ հարցեր և կասկածներ է առաջացնում, բայց պնդել, որ միտումնավոր են անում կամ կոնկրետ անձի կողմից է ուղղորդված, այս պահին որևէ բան պնդել չենք կարող։ Կասկածները բազմաթիվ են»,- նշում է Մանուկյանը։  Ըստ նրա, խմբագրության վրա հարձակումից անցել է 2-3 շաբաթ, բայց որևէ բան դեռ բացահայտված չէ. «Մենք դիմել ենք ոստիկանությանը, որ իրենք բացահայտեն դեպքերը»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ նմանատիպ DDoS հարձակում է եղել նաև forrights.am կայքի վրա։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն, անդրադառնալով դեպքին, նշել է. «DDoS-ի կազմակերպիչը կարող է նստած լինել կողքի սենյակում, իսկ հարձակումը գնա աշխարհի 20 երկրից»։

«Մեդիա պաշտպան»-ը կապ հաստատեց նաև մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց․«Հայաստանում երկար ժամանակ DDoS հարձակումներ չեն եղել։ Forrights.am-ի դեպքում ներքաղաքական խնդիր է, ադրբեջանցիներին էստեղ կասկածելը դժվար է։ Կասկած կա, որ պատվիրողը հոդվածների հերոսներից մեկն է, իհարկե, անհասկանալի է, քանի որ այն սպեցիֆիկ, ոչ մեծ քանակի, նեղ ուսումնասիրություններ ու հետաքննություններ է անում։ Քանի որ «Ժողովուրդ»-ը ավելի լայն սպեկտրով է գրում, դժվարանում եմ պատկերացնել, թե ով կլինի։ Ինձ թվում է  ներքաղաքական է, բայց կարող է լինել նաև դրսից: Մենք մոտենում ենք հունվարի 20-ին, ադրբեջանցիք էդ օրերին միշտ մի բան անում են, տեսականորեն դա կարող է իրենց գործիքակազմի փորձարկում լինել՝  ավելի լայնամասշտաբ հարձակումից առաջ։ DDoS հարձակման խնդիրն այն է, որ չես կարող պարզել, թե հարձակումը որտեղից է, վարակված համակարգիչներ են օգտագործվում, որոնք աշխարհի բոլոր ծայրերից են գործում ու հաճախ դա պատվիրվում է, ինչ-որ մեկը վճարում է որևէ հաքերային խմբի, թելը գտնել գրեթե անհնար է, ով ասես կարող է լինել»։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը մտահոգիչ է համարում ստեղծված իրավիճակը և կոչ է անում իրավապահ համակարգին Ֆեյքերի դեմ պայքարից զատ, ուշադրություն դարձնել նմանատիպ դեպքերին և բացահայտել այն անձանց, որոնք կանգնած են այս ամենի հետևում։