Վլադիմիր Կարապետյանը զանգերին չի պատասխանում

Այսօր վարչապետի մամուլի արդեն նախկին քարտուղար Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ այլևս չի կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ «Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»,- գրել է Վլադիմիր Կարապետյանը։

«Մեդիա Պաշտպան» նախաձենությունը կառավարության կայքից տեղեկացավ, որ Վլադիմիր Կարապետյանի ազատման մասին որոշումը դեռ երեկ է կայացվել, բայց միայն այսօր է հայտնի դարձել մամուլի ներկայացուցիչներին և հասարակությանը։ Ավելի՛ն, կառավարության կայքէջի համապատասխան դաշտում արդեն իսկ բացակայում է Կարապետյանի անունը։

Հավելյալ տեղեկատվության համար «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը փորձեց կապ հաստատել պրն․ Կարապետյանի հետ, սակայն նա մեր զանգերին այդպես էլ չպատասախանեց։

Համացանցում քննարկվում է Վլադիմիր Կարապետյանի ազատման մի քանի պատճառ։ Նշվում է, որ վարչապետը դժգոհ է եղել նրա աշխատանքից։ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը երեկ գրել էր․ «Կարապետյանը Պուտինին հարց տալու համար գաղտնի ակրեդիտացիա էր տվել Ռուսթավի 2 հեռուստաալիքի լրագրողին և որքան էլ զարմանալի է Փաշինյանը չի կարողացել Կրեմլում կռուտիտ անել թեման»:

Դիտարկվում է նաև այն տարբերակը, որ վարչապետը փորձում է ազատվել ՀԱԿ-ի նախկին կադրերից։ Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին գրել է․ «Միայն Փաշինյանը կարող էր Վլադիմիր Կարապետյանին աշխատանքից ազատել Տեր-Պետրոսյանի ծննդյան օրը»։

Սիվիլնեթի լրագրող Թաթուլ Հակոբյանն էլ ափսոսանք է հայտնել՝ ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրելով․ «Եթե կարճ՝ապերախտ որոշում։ Նիկոլի հետ աշխատեց իր վրա վերցնելով շատ հարվածներ»։