«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ամփոփում է տարին

Լրատվամիջոցների ու քաղաքական գործիչների մոնիթորինգ, հարցազրույցներ, արձագանք մեդիա խնդիրներին, կլոր սեղան քննարկումներ,  մրցանակաբաշխություններ։ «Մեդիա պաշտպանն» ակտիվ է լինելու ու նոր նախագծեր է ներկայացնելու նաև 2020-ին։ Մենք կողմ ենք փոփոխություններին, որովհետև դա է զարգացում ապահովող աշխատանքի գրավականը։ Սկզբունքների հարցում, սակայն, հաստատակամ ենք․ հիմնվել ու հիմնվելու ենք բացառապես թվերի ու փաստերի վրա, խոշորացույցի տակ ենք պահելու իրադարձություններն ու արձանագրելու բոլոր այն դեպքերը, որտեղ կխախտվեն խոսքի ազատությունն ու լրագրողական սկզբունքները։ Միայն անկաշկանդ, համագործակցության պատրաստ մթնոլորտում կարող են զարգանալ նոր գաղափարները։ Տարին արդյունավետ ենք համարում լրատվամիջոցների՝ նրանց ղեկավարների, խմբագիրների ու լրագրողների հետ աշխատանքի շրջանակում, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում։ Կարևոր քննարկումներ ունեցանք հեռուստատեսությանն առնչվող օրենսդրական նախագծերի շուրջ, վեր հանեցինք խնդրահարույց հարցերն ու փորձեցինք բովանդակային դիսկուրս ապահովել։ Շնորհակալ ենք իշխանության ու ընդդիմության այն ներկայացուցիչներին, որոնք պատրաստակամություն հայտնեցին համագործակցել մեզ հետ։ Այսօր ինֆորմացիոն ահռելի հոսքի մեջ քաղաքացին ճիշտը կեղծիքից տարբերելու բարդ խնդրի առջև է կանգնած։ Հենց սա կարևորելով՝ մենք հենվում ենք սոցիոլոգիայի գործիքների վրա, մշտադիտարկում ենք քաղաքական գործիչներին՝ հիմնվելով 35 լրատվական կայքերում տեղ գտած արձագանքների վրա։ Լրատվամիջոցներն են հանրային կարծիքի առաջատարները, և այդ կարծիքը սահմանափակելուն ուղղված ցանկացած փորձ արժանանացել ու արժանանալու է մեր կոշտ գնահատականին ու համապատասխան քայլերին։ Առջևում տոներ են, մեր խաղաղ անդորրը պահպանելու համար առաջինը շնորհավորում ենք մեր զինվորներին, այնուհետ նրանց ծնողներին ու բոլոր քաղաքացիներին։ Հույսով ենք լցված 2020-ի հանդեպ, քանի որ հավատում ենք մեր ուժերին ու շարունակելու ենք ամենօրյա փոքրիկ ջանքերով նպաստել երկրում խոսքի ազատության կայացմանը։