Արմեն Սարգսյանի մասին հոդվածները թե՛ դրական են, թե՛ բացասական

2019 թ-ի դեկտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 776 հոդված, որոնցից 60-ը եղել է բացասական, 45-ը՝ դրական, 671-ը՝ չեզոք։

Նախագահ Արմեն Սարգսյանի մասին հոդվածներն այս տասնօրյակում թե՛ դրական են, թե՛ բացասական։

Վահան Բաբայանն, անդրադառնալով նախագահի գործունեությանը, քննադատել է նրան, ըստ Վահան Բաբայանի. « Ամենազավեշտալին նախագահի աշխատակազմի ծառայողական մեքենաներն են: Արմեն Սարգսյանը, որ պաշտոնական այցով շատ անգամ վերադառնում է Հայաստան և բացի թուղթ ստորագրելուց և երկրներ գնալուց, չգիտենք՝ ինչ գործառույթով է զբաղված, նրա աշխատակազմին սպասարկում է 20 ավտոմեքենա»։

Արմեն Աշոտյանն, անդրադառնալով Արմեն Սարգսյանին նախագահ ընտրելուն, հայտարարել է, որ ներողություն է խնդրրում Արմեն Սարգսյանին ձայն տալու համար։

Ըստ Ստեփան Դանիելյանի, Արմեն Սարգսյանի անունը պետք է հիշեցնել, քանի որ շատերը գուցե մոռացել են, որ նա մեր նախագահն է։ Նա նաև հավելում է, որ Արմեն Սարգսյանը Սահմանադրության հիմնական երաշխավորն է, բայց երկրում կատարվողին որևէ ձև չի արձագանքում, օրինակ, դատարանի դռներ են փակվում և այլն։ Ըստ Դանիելյանի, Արմեն Սարգսյանը չի կատարում իր պարտականությունները։

Արփինե Հովհաննիսյանն, անդրադարձել է հարցին, թե արդյոք Արմեն Սարգսյանը կստորագրի՞ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։ Նախկին պատգամավորն ասել է, որ դա Արմեն Սարգսյանի կյանքում մեծ հաշվով ոչինչ չի փոխի և հավելել է. «Նա հերթական ճանապարհորդությանը հավանաբար կմեկնի, իսկ երկրում շատ բան կփոխվի, մենք կհասկանանք հերթական անգամ, որ հանրապետության նախագահը չի ցանկանում, չի գիտակցել եւ չի կատարում իր սահմանադրական առաքելությունը։ Այդ մարդը պարզապես վայելում է այն պաշտոնը, որ ինքը իր քաղաքական եւ դիվանագիտական կարիերայի ավարտին երազում էր, ինչպես իշխանության ներկայացուցիչներից բոլորը»։

Դրական է դիտարկվել լուրը, որի համաձայն՝ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի անդամներին։

Ըստ մամուլի վերլուծականներից մեկի, Արմեն Սարգսյանին ժողովուրդը դրական է վերաբերվում, դրա մասին են վկայում վերջին սոցհարցումները։ Անդրադառնալով նաև Արմեն Սարգսյանի շուրջ ձևավորված իրավիճակին, վերլուծականում ասվում է. «Մեր տեղեկություններով, քաղաքական տարբեր թիմեր ջանք չեն խնայում Արմեն Սարգսյանին իրենց կողմը «քաշելու» հարցում՝ նպատակ ունենալով նրա քաղաքական հենարանի վրա կառուցել իրենց գործունեությունը։ Սակայն այդքան էլ հեշտ չէ դիվանագետ Արմեն Սարգսյանին «պոկել» իր աշխարհից ու ներքաշել քաղաքական անհեռատես խաղերի մեջ։ «Եթե Արմեն Սարգսյանը քաղաքականությամբ զբաղվելու անհրաժեշտություն զգա, ինքը կնախաձեռնի դա, ոչ թե ուրիշների սցենարի մաս կդառնա»։