«Մեդիա պաշտպան»-ը նկատում է՝ մամուլի քարտուղարի պահվածքն անընդունելի է

Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային պատկերասրահում ընդունել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Վլադիմիր Կարապետյանի հետ զրույցում լրագրողները հարցրել են` ուրիշ ի՞նչ ընդունելություններ են սպասվում, որին մամուլի քարտուղարը պատասխանել է. «Ավանդական ընդունելություններն են, նոր բան չի լինելու․․․ գործարարների հետ, ԱԳՆ, ԿԲ, պետական կառավարման համակարգ»: Այս խոսքից հետո լրագրողները կատակել են. «Սերժի ժամանակների նման էլի»։

Կատակից հետո Վլադիմիր Կարապետյանը վրդովվել է և Սերժ Սարգսյանի եղբորն ու որդիներին հանցագործներ անվանել: Պետք է նկատել, որ մամուլի խոսնակը խախտել է անմեղության կանխավարկածը և՝ առանց դատական վճռի, նման հայտարարություններ թույլ տվել:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նկատում է, որ մամուլի քարտուղարի պահվածքն անընդունելի է: Ի տարբերություն սեփական քաղաքական թիմի շատ անդամների էմոցիոնալ վարքագծի՝ մամուլի քարտուղարը պարտավոր է չեզոքություն ու զգոնություն ցուցաբերել:

Հույս ենք հայտնում, որ «Հրապարակ» օրաթերթի լրագրողի հարցին, որը վերաբերում էր Փաշինյանի Անվտանգության խորհրդում հնչեցրած մտքին, Վլադիմիր Կարապետյանը դեռ կպատասխանի: