Հարձակվել են «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորի վրա

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ Հովտաշատ համայնքում 10-ից ավելի տղամարդիկ հարձակվել են «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորի վրա, որն իր աշխատանքն է կատարել։ Կադրերից երևում է, որ օպերատորին վիրավորանքներ են հասցնում և վնասում են նկարահանող սարքը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը բազմիցս նշել է, որ լրատվականների վրա հարձակումները պետք է պատժվեն, սակայն ամիսներ շարունակ «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումն այդպես էլ առկախված է, տեղեկություններ չկան «Ժողովուրդ» օրաթերթ ներխուժելու մասին։ Ահա և երրորդ ագրեսիվ դեպքը, որն ամենաթողության և անպատժելիության մթնոլորտի ձևավորման հետևանք է։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է անարձագանք չթողնել դեպքը և հետամուտ լինել մեղավորներին գտնելու ու պատժելու ուղղությամբ։ Ոստիկանությունն անհապաղ պետք է ուսումնասիրի կադրերը և քայլեր ձեռնարկի։ «Մեդիա պաշտպան»-ի թիմը իր աջակցությունն է հայտնում «Կենտրոն» հեռուստաընկերությանն ու օպերատորին։

Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, հիմնական վարկածներից մեկն այն է, որ տղամարդիկ ուղղորդված են գործել և միջադեպի հիմքում կանգնած է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։