Դավիթ Տոնոյանի մասին դիտարկվել են ավելի շատ բացասական հոդվածներ

2019թ-ի դեկտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 113 հոդված, որոնցից 8-ը եղել է բացասական, 3-ը՝ դրական, 102-ը՝ չեզոք։

ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի մասին դիտարկվել են ավելի շատ բացասական հոդվածներ։

Լրատվականի հետ զրույցում պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, անդրադառնալով ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին վերաբերվող հարցին, ասել է, թող այդ հանձնաժողովը գործ անի:

Լրատվականի մեջբերմանը, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որը 2016-ին փոխնախարար էր, վերջերս հայտարարել էր՝ բոլոր հանգամանքներն ուսումնասիրվել են, հետեւություններն արվել են, Գագիկ Մելքոնյանը հակադարձել է. «Կոմիտաս Մուրադյանը, որը կապի վարչության պետ էր, պառկած էր հիվանդանոցում, նրան ազատել են աշխատանքից: Եթե դա է վերլուծականը… Կամ՝ Կարապետյան Արշակին ազատել են, հետո՝ վերականգնել են. հիմա ո՞նց հասկանանք՝ պատիժն ո՞վ է կրել, պատիժն ո՞ւմ են տվել: Չեմ կարող ասել՝ ճիշտ մարդիկ են պատժվել, թե՝ ոչ, բայց որ մարդը հոսպիտալում պառկած է, աշխատանքից ազատել են…»:

Մամուլում նշվում է, որ Դավիթ Տոնոյանի նախարարական պորտֆելը ցանկանում է վերցնել «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Լրատվականներից մեկի հետ զրույցում, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, անդրադառնալով Արցախյան բանակցություններին, նշել է, որ Դավիթ Տոնոյանն ամեն վայրկյան պետք է պատրաստ լինի պատերազմական գործողությունների թեժացմանը։