Նաիրա Զոհրաբյանը փոքր-ինչ զիջել է դիրքերը

2019 թ․ դեկտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 316 հոդված, որոնցից 13-ը եղել է դրական, 33-ը՝ բացասական, 270-ը՝ չեզոք։

Նաիրա Զոհրաբյանը փոքր-ինչ զիջել է դիրքերը։ Այս տասնօրյակում նրա մասին հրապարակվել են ավելի շատ բացասական հոդվածներ։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը, անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի դպրոցների վերանորոգման հետ կապված ելույթին, ասել է. «Օրինակ, տիկին Նաիրա Զոհրաբյանը հոգեցունց ելույթներ էր ունենում դպրոցների մասին, որ իրենց կոալիցիոն կառավարման ժամանակ չէին վերանորոգվել։ Ոչինչ տիկին Զոհրաբյանին չէր խանգարում նախկինում այդ դպրոցների նկարները ունենալ, գոնե մեկ անգամ ելույթ ունենալ ու բարձրացնել այդ հարցը։ Մինչդեռ այդ դպրոցները բավական երկար ժամանակ այդ վիճակում են։ Ես նրա կողմից նախկինում նման ելույթ չեմ հիշում»։ Ալեն Սիմոնյանն էլ, իր հերթին, նշել է, որ տիկին Զոհրաբյանը ՀՀԿ-ի հետ «կնոպկա» է սեղմել և դրա պատճառով են դպրոցներն անմխիթար վիճակում։

Հրապարակումներից մեկի համաձայն, Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում երկակի ելույթ է ունեցել՝ ՍԴ անդամներին թոշակ նշանակելու օրենքի հետ կապված, որովհետև Վահե Գրիգորյանի մտերիմներից է։ Ըստ լրատվականի, տիկին Զոհրաբյանը և՛ նալին է խփել, և՛ մեխին։

Դրական է գնահատվել Նաիրա Զոհրաբյանի կողմից առաջարկված այն օրենքը, ըստ որի՝ խստացվել է զինծառայողներին ինքնասպանության հասցնելու մասին հոդվածը և այժմ մեղսագործներին կսպառնա 14 տարվա ազատազրկում։