«Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում ներկայացնել ստուգված տեղեկատվություն

Հանրային հեռուստաընկերության եթերում դեկտեմբերի 11-ին Պետրոս Ղազարյանի հյուրը փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն էր։ Պետրոս Ղազարյանն անդրադարձավ նախատեսվող միջացառումներին, ամանորյա տոնակատարությունների համար ծախսվող 750 հազար դոլարին։ Փոխքաղաքապետը իր հետ բերված փաստաթղթերով ներկայացրեց, թե որքան գումար է ծախսվել նախորդ տարիներին․ «2017թ-ին ծախսվել է 199 միլիոն 46 հազար դրամ, 2018թ-ին՝ 167 միլիոն 860 հազար դրամ, 2019թ-ին՝ 158 միլիոն 582 հազար դրամ։ Այսինքն՝ 2017-2019թթ-ի ժամանակահատվածում քաղաքապետարանը ամանորյա միջոցառումների ծախսերը պակասեցրել է 40 միլիոն դրամով»։ Պետրոս Ղազարյանն ընդհատեց․«Բայց սա 750 հազար դոլար չէ»։ Հյուրն ավելացրեց․«Մենք խոսում ենք պատվիրակված լիազորության մասին, երբ կառավարության հետ քննարկումների արդյունքում միջոցառումը համաքաղաքայինից վերածվեց համապետական միջոցառման և ծավալն էլ ավելացավ»։ Պետրոս Ղազարյանը հարցրեց նաև, թե ինչո՞ւ են հրավիրել Բրեգովիչին, չէին կարող արդյոք 21-րդ դարի հեղինակության հրավիրել։ Ի՞նչ կազմակերպություններից են պատվիրել այս կամ այն ծառայությունները, արդյո՞ք դրանք ծանոթ-բարեկամների կազմակերպություններ չեն։ Հենց այս հարցերն են, ըստ էության, քննարկվում հասարակության մեջ, բայց բացթողումն այն էր, որ Պետրոս Ղազարյանը չէր տիրապետում ծախսերի հետ կապված տեղեկատվությանը, և փոխքաղաքապետն ակնհայտ մանիպուլյացիայի դիմեց։ Համացանցում որոնումների արդյունքում մեզ հաջողվեց գտնել այլ տվյալներ, որ, օրինակ, 2017թ-ին քաղաքապետարանը ամանորի համար ծախսել է 139 միլիոն 329 հազար դրամ։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում հանրային միջոցներից ֆինանսավորվող հեռուստաընկերությանը ավելի ուշադիր լինել ու ներկայացնել ստուգված տեղեկատվություն։