«Մեդիա պաշտպան»-ն իր մտահոգությունն է հայտնում պետական ոլորտի պաշտոնյայի հայտարարության վերաբերյալ

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ Կառավարությանն առընթեր Հանրային կապերի և Տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի տնտեսական հետազոտությունների ծառայության բաժնի ղեկավար Գոռ Ծառուկյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ անդրադառնալով քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառմանը, որտեղ նաև վիրավորական արտահայտություն է թույլ տվել լրատվականների հասցեին, մասնավորապես, գրել է. «Իմիջիայլոց չէի անդրադառնա էս դեպքին, եթե այդ ապատեղեկատվությունն առանց պարզաբանման կամ ճշտելու չտարածվեր այդքան շատ լրատվամիջոցների կողմից՝ Slaq, Blognews, 7or, 168, Hayeli, Zham և այլն։ Չնայած մյուս կողմից էլ էս շարքին մեծ վերապահումով է կարելի լրատվամիջոց համարել, կորեկ տեսած հավերի պես խլխլում են ամեն մի ապատեղեկատվություն»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն իր մտահոգությունն է հայտնում պետական ոլորտի պաշտոնյայի հայտարարության վերաբերյալ։ Ցանկանում ենք տեղեկացնել Գոռ Ծառուկյանին, որ ոչ միայն Հայաստանում, այլ միջազգային շատ լրատվականներում տեղ են գտնում սոցիալական ցանցերում գործող քաղաքագետների և բլոգերների գրառումները։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացում է, որ պետպաշտոնյան իրավունք չունի այս կամ այն լրատվականին պիտակավորել, դա իր իրավասություններից դուրս է։ ՀԿՏԿ ՊՈԱԿ տնօրինությունը պետք է աչալուրջ լինի նման դեպքերի առնչությամբ և զերծ պահի լրատվադաշտը յուրայինների և ոչ յուրայինների բաժանելու դրսևորումներից։

Ի հավելում պետք է նշել, որ քաղաքագետի ֆեյսբուքյան գրառումը իր անձնական կարծիքն է։ Եթե գրառումը չի արվում պետպաշտոնյայի կամ պետական հաստատության կողմից, այն ապատեղեկատվություն համարվել չի կարող, այն ընդամենը կարծիք է։