«Հանրային քննարկում»-ը վերածվեց աղմուկի

Հանրային հեռուստաընկերության եթերում դեկտեմբերի 8-ին Պետրոս Ղազարյանի «Հանրային քննարկում»-ը վերածվեց աղմուկի։ Թեման՝ քաղաքապետարանի շուրջ ստեղծված իրավիճակն էր՝ կապված բուռն քննարկումների առիթ դարձած կամազների նվիրատվության հետ։ Հյուրերն էին՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ Հիմնական շեշտադրումներին, մասնավորապես, Սամվել Ալեքսանյանի «Ալեքս ընդ Հոլդինգի» հետ կապի, դե յուրե-դե ֆակտո հարցերին, թափանցիկությանն ու կոռուպցիոն ռիսկերին անդրադարձ եղավ։

Պետրոս Ղազարյանը չեզոք չէր՝ հղում էր անում անցյալին, պաշտպանում քաղաքապետարանի շահերը։ Անի Սամսոնյանը Պետրոս Ղազարյանին խնդրեց չմանիպուլացնել։ «Հանրություն ասում է՝ մեզ հիմարի տեղ եք դնում։ Պրն․ Ղազարյան ես ձեզ հարց եմ տալիս օրինակ «Մուլտի Գրուպը» քաղաքին տալիս է կամազներ, արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը դրա հետ կապ ունի թե ոչ»։ Հիմնականում բավավեճը ծավալվեց Անի Սամսոնյանի և Հակոբ Կարապետյանի միջև։ Բանախոսները միմյանց չէին լսում, Պետրոս Ղազարյանին չէր հաջողվում խոսքի հավասար հնարավորություն տալ նաև մյուս երկու հյուրերին, Սերգեյ Բագրատյանը արձագանքելու շատ քիչ հնարվորություն ունեցավ։ Քննարկման վերջում միայն Պետրոս Ղազարյանը զգալով, որ բալանսը խախտված է, նշեց․ «Ընդդիմությունը շատ ճիշտ է անում, պետք է ստուգի, վերստուգի, մեղադրի, հանձնաժողովներ ստեղծի, միայն լավ կլինի, որ փաստերը հրապարակի»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նկատում է, որ Հանրային հեռուստաընկերության եթերում չեզոքության սկզբունքը պարբերաբար խախտվում է։