Ալեն Սիմոնյանի մասին դիտարկվել են մեծ թվով բացասական հոդվածներ

2019թ-ի նոյեմբերի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 138 հոդված, որոնցից 48-ը եղել է բացասական, 90-ը՝ չեզոք։

ԱԺ փոխնագահ Ալեն Սիմոնյանի մասին դիտարկվել են մեծ թվով բացասական հոդվածներ։ ԱԺ նախագահի և փոխնախագահի մասին, առհասարակ, բացասական հոդվածները վերջին տասնօրյակներում աճել են։

Ըստ մամուլի հրապարակումների, Լենա Նազարյանը, Լիլիթ Մակունցն ու Ալեն Սիմոնյանը դարձել են Նիկոլ Փաշինյանին երկրորդողները։ Նշվում է, որ նրանք Նիկոլ Փաշինյանի գաղտնի կամ բացահայտ հրահանգները կատարողներն են։

Ալեն Սիմոնյանը մի օրենքի նախագիծ էր ներկայացրել, ըստ որի՝ մարտի 1-ին տուժած քաղաքացիները աջակցություն պետք է ստանան։ Ըստ մամուլի, օրենքն արդեն ուժի մեջ է, սակայն այն ժամանակին առաջացրել էր զոհված զինվորների ծնողների զայրույթը։ Նրանք պահանջում են իրենց էլ փոխհատուցում տալ։

Ալեն Սիմոնյանն օրերս նշել էր, որ եթե Նիկոլ Փաշինյանն ասի պետք է գրավել Բաստիլը, բոլորը կհետևեն կոչին ու դուրս կգան տնից։ Մամուլն այս հայտարարությունից հետո գրել է. «Իրականում, ԱԺ փոխնախագահի այս դիտարկումը ծնվել է այն մեծ մոլորությունից, ուր հայտնվել է ողջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ չտեսնելով օրըստօրե աճող հասարակական հիասթափությունն ու դժգոհությունը հեղափոխական իշխանությունից եւ առաջին հերթին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Սակայն սա Ալեն Սիմոնյանի, Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի միակ մոլորությունը չէ»:

Ըստ մամուլի, 2017 թվականին Էդուարդ Աղաջանյանը, որն այս պահին  վարչապետի աշխատակազմի ղեկավարն է, նշել է, որ Ալեն Սիմոնյանը ձախողել է ՔՊ-ի PR-ի կազմակերպման գործընթացը։

Ըստ հրապարակումների, Ալեն Սիմոնյանը ցանկանում է Ամանորին ընդառաջ արգելել եղևնիների վաճառքը։ Մամուլը նշում է, որ ամբողջ աշխարհում եղևնիների վաճառքն ընդունված պրակտիկա է և սովորական գյուղատնտեսական ճյուղ է, երբ եղևնիներն աճեցվում և վաճառվում են ինչպես կաղամբը և, որ այս օրենքը միայն առաջին հայացքից է լավը։