Ազատությունը սկսել է ավելի շատ խախտել չեզոքության սկզբունքը

Ազատություն TV-ի դեկտեմբերի 6-ի թողարկմանն անդրադարձ կար «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին առաջադրված մեղադրանքին։ Ռեպորտաժն ամբողջությամբ կառուցված էր «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքի հիման վրա․ «Այդ շրջանում գյուղացիները դժգոհում էին անորակ վառելիքից։ Եկեք գյուղացուց հարցնենք այդ ժամանակաշրջանում քանի տրակտորների շարժիչ փչացավ։ Կիսով չափ։ Շատ գյուղացիներ այդ դիզվառելիքը չէին ստանում, գնում ուրիշ տեղից էին ձեռքբերում, որ իրենց սեփական տրակտորը չփչանա։ Խայտառակ վիճակ էր»։ Թեև լրագրողը նշում էր, որ փորձել են կապ հաստատել Բարսեղ Բեգլարյանի հետ, սակայն հեռախոսն անջատված է եղել, միայն մի կողմի կարծիքը ներկայացնելով, ռեպորտաժը ոչ հավաստի էր ստացվել։ Բալանսավորված ռեպորտաժի համար լրագրողը պետք է զրուցեր գյուղացիների, փորձագետների, քաղաքական գործիչների հետ։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Ազատության լրագրողին լրագրողական սկզբունքները չստորադասել անձնական կամ խմբագրական քաղաքականության նախասիրություններին։ Նկատում ենք, որ Ազատությունը վերջին շրջանում սկսել է ավելի շատ խախտել չեզոքության սկզբունքը։