Կարևոր բացթողում՝ Հանրայինի ռեպորտաժում

Հանրային հեռուստաընկերության դեկտեմբերի 1-ի լուրերի կիրակնօրյա թողարկմանն անդրադարձ կար «ՖԻԹՉ» միջազգային վարկանշային կազմակերպության հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանի կառավարության արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները մեկ կետով բարձրացել են՝ «B+»-ից դառնալով «BB-»՝ «կայուն»: Ռեպորտաժում ներկայացվում էր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի և տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքը։ Շեշտադրվում էր, որ Հայաստանը բարեհաջող պայքարում է կոռուպցիայի և մենաշնորհների դեմ, տնտեսական կյանքում դրական փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն չէր ներկայացվում քաղաքացիների կարծիքն ու չէր հնչում պարզ հարց՝ արդյոք վարկանիշի բարձրացումից քաղաքացին սկսել է ավելի լավ ապրել։ Ռեպորտաժն, այսպես ասած, անկենդան էր, քանի որ տնտեսագիտական տերմինների ներկայացումով այդպես էլ պարզ չէր դառնում՝ինչ է փոխվել քաղաքացիների կյանքում։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նկատում է, որ հանրային միջոցներից ֆինանսավորվող հեռուստաընկերության առաջնային խնդիրը պետք է լինի հեռուստադիտողի շահերը սպասարկելը, տեղեկատվությունը պետք է լինի պարզ, մատչելի, բազմակողմանի։ Այնինչ նկատում ենք, որ հանրայինի ռեպորտաժները կառուցվում են իշխանություններին հաճոյանալու սկզբունքով։