Արայիկ Հարությունյանը շարունակում է մնալ քննադատությունների թիրախում

2019թ-ի նոյեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 1385 հոդված, որոնցից 908-ը եղել է բացասական, 139-ը՝ դրական, 338-ը՝ չեզոք։

Նախարար Արայիկ Հարությունյանը շարունակում է մնալ քննադատությունների թիրախում։ Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը մտահոգվելու լուրջ առիթ ունի։

«ՎԵՏՕ» հասարակական կազմակերպության հիմնադիր Նարեկ Մալյանը «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի առջև ծուխ բաց թողեց։ Իր խոսքում Մալյանը նշում է, որ այդ ծուխը ԿԳՄՍ նախարարի դեմ է։ Այդ քայլով Նարեկ Մալյանը իր աջակցությունն է հայտնել ԿԳՄՍ նախարարության որոշման դեմ պայքարող երիտասարդներին։ ՀՅԴ երիտասարդական տարբեր կառույցներ պահանջում են նախարարի հրաժարականը։ Դասադուլ են սկսել նաև Հյուսիսային համալսարանի ուսանողները։

Արծվիկ Մինասյանն, անդրադառնալով Արայիկ Հարությունյանի քրեական գործերի և չարաշահումների մասին հայտարարությանը, ասել է, որ իր նկատմամբ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, քանի֊որ իր աշխատանքի հիմքում եղել է պետական շահը։ Անդրադառնալով նախարարի և դասախոսների հանդիպմանը՝ հավելել է, որ եթե այդպես պետք է հանդիպեր, ավելի լավ է չհանդիպեր։ Նարինե Դիլբարյանն էլ է խոսել դասախոսական կազմի և նախարարի հանդիպման մասին և ասել է, որ Արայիկ Հարությունյանն ի սկզբանե բարեկամական տրամադրվածություն չուներ։

Մամուլը գրում է, որ նախարարն իր նեղ շրջապատում ասել է, որ այն ուսանողները, որոնք երկու շաբաթ է բողոքի ակցիաներ են իրականացնում և միջանկյալ քննություններին չեն մասնակցել, ետին պլան են մղել կրթությունը և համալսարանը չեն ավարտելու։ Այս լուրը քննադատությունների առիթ է դարձել։

Քննադատության է արժանացել նաև ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ Կարաբինայի հետ հանդիպումը, որը մի քանի ամիս է քննարկվում է։