Գագիկ Ծառուկյանի մասին դրական հոդվածները շարունակում են գերազանցել

2019թ-ի նոյեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 174 հոդված, որոնցից 21-ը եղել է բացասական, 37-ը՝ դրական, 116-ը՝ չեզոք։

Գագիկ Ծառուկյանի մասին դրական հոդվածները շարունակում են գերազանցել բացասականներին։ ԲՀԿ քաղաքական PR թիմը կարողանում է ապահովել դրական իմիջը, սակայն բացասական հոդվածներն էլ սակավաթիվ չեն, ընդ որում դրականները հիմնականում հասարակական ոլորտին են վերաբերում:

Նշվում է, որ ԲՀԿ-ն կախված է իշխանություններից, քանի որ Գագիկ Ծառուկյանի քաղաքական կապիտալն իր բիզնեսներն են։ Հրապարակման մեջ նշված է․ «Բավական է, որ կառավարող մեծամասնությունն այդ իմաստով շատ կոշտ կարգավորումներ սահմանի կուսակցությունների մասին օրենքի նոր մշակումներում, Ընտրական օրենսգրքում՝ բիզնեսն ու քաղաքական գործընթացը տարանջատելու համար, եւ Բարգավաճ Հայաստանը կարող է մոռանալ երկրորդ կամ ընդհանրապես «մրցանակային» որեւէ տեղի մասին»:

Նշվում է, որ Վերնատան ստեղծումը մարտահրավեր է Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի համար։ Գագիկ Ծառուկյանը ցանկանում է ընդդիմադիր դաշտում ամրանալ, իսկ Վերնատան ստեղծումը փաստացի երկընտրանքի առաջ է կանգնեցնում Գագիկ Ծառուկյանին` կա՛մ միանալ նորաստեղծ կառույցին ու իր դիրքն ունենալ այնտեղ կա՛մ պայքարի մեջ մտնել Վերնատան հետ։

Լրատվականում նշվում է, որ Գագիկ Ծառուկյանն այն անձանցից մեկն է, ում իշխանությունը կարող է ձերբակալել և որոշ չափով բարձրացնել իր վարկանիշը։

Նշվում է, որ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ անցկացվել է բազկամարտի ուսանողական մրցաշար։ «Գ․Ծառուկյան» հիմնադրամը կփոխանցի լիբանանահայ ուսանողների վարձավճարները։ ԲՀԿ պատգամավոր Արմանն Աբովյանն էլ նշել է, որ Գագիկ Ծառուկյանը միշտ եղել է ազգային արժեքների պահպանման կողմնակիցը։

Ըստ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի, հուշագիր է ստորագրվել «Միասնական Ռուսաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև։ Աժ փոխնախագահը նշում է, որ Գագիկ Ծառուկյանը բազմիցս նշել է, որ պետք է ընդլայնվեն և ամրապնդվեն ՌԴ-ի հետ բարեկամական հարաբերությունները։

Ի դեպ, նյութը պատրաստելիս տեղեկացանք, որ այսօր Գագիկ Ծառուկյանի տարեդարձն է։ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը շնորհավորում է պրն․ Ծառուկյանին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն և ծրագրերի իրականացում։