Արմեն Սարգսյանի վարկանիշը լրատվական դաշտում  շարունակում է դրական մնալ

2019թ-ի նոյեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 546 հոդված, որոնցից 9-ը եղել է բացասական, 31-ը՝ դրական, 506-ը՝ չեզոք։

Նախագահ Արմեն Սարգսյանի վարկանիշը լրատվական դաշտում  շարունակում է դրական մնալ, թեև դիտարկվել են նաև բացասական հոդվածներ։

Հունիսից դադարեցվել է Գյումրու «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություն-կրթարանի ֆինանսավորումը։ Կրթարանը կազմալուծման վտանգի առջև է, 10 մլն դրամի պարտք է կուտակվել։ 50 աշխատակից և 82 երեխա ունեցող կրթարանը գոյատևման պայքարի մեջ է: Նշվում է, որ նրանք դիմել են Արմեն Սարգսյանին և բացասական պատասխան են ստացել։

Լրատվականները շարունակում են գրել, որ ճնշումներ կան դատական համակարգի, մասնավորապես, ՍԴ-ի նկատմամբ և հավելում են, որ այդ սխեմայի մեջ Նիկոլ Փաշինյանը ներքաշել է նաև Արմեն Սարգսյանին. «Նպատակը մեկն է՝ վերցնել դատական բարձրագույն մարմինը լիակատար վերահսկողության տակ։ Առանց դրա արդեն վերը նշված բազմաթիվ իրավախախտումներ կատարած Նիկոլ Փաշինյանը, որը դրանցում ներքաշել է նախագահ Արմեն Սարգսյանին, պատգամավորական կորպուսի մեծ մասին եւ անգամ իրավապահ մարմինները, չի կարող անարգել «ճնշել» այն, ինչ ուզի, ինչպես նաեւ «խմբագրել» օրենքների եւ Սահմանադրության նախկին կոպտագույն խախտումները, որոնք նրան իշխանության բերեցին»։

Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը հրաժեշտի պաշտոնական արարողության ժամանակ դրական խոսքեր է ուղղել Արմեն Սարգսյանին՝ նշելով, որ հայ և հույն ժողովուրդները դարավոր բարեկամներ են, և ի շնորհիվ Արմեն Սարգսյանի այդ բարեկամությունը մեծ ապագա է ունենալու։

Արմեն Սարգսյանը սյունակ է տպագրել «The World» հանդեսում, որը լայն տարածում է գտել հայկական մամուլում։ Նախագահը The New York Times-ի հետ զրույցում խոսել է ցեղասպանության ճանաչման մասին։ Այս հոդվածը ևս լայն տարածում է գտել։