Գագիկ Ծառուկյանը լրատվականներում պահպանում է դրական իմիջը

2019թ-ի նոյեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 69 հոդված, որոնցից 7-ը եղել է բացասական, 12-ը՝ դրական, 50-ը՝ չեզոք։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս տասնօրյակում ևս պահպանել է իր դրական իմիջ լրատվականներում։
Լրատվականները հիշեցնում են, որ եթե նախկինում Գագիկ Ծառուկյանին և այլոց անվանում էին օլիգարխներ, հիմա նրանց անվանում են գործարարներ և մեծ հաճույքով շփվում են նրանց հետ։
Նշվում է, որ ԲՀԿ-ի քրեական աշխարհին դեմ չգնալը պայմանավորված է նրանով, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը սերտ կապեր ունի քրեական աշխարհի հետ։ Հրապարակման համաձայն, անգամ այդպիսի մարդիկ տեղ են գտել ԲՀԿ պատգամավորների շարքում, որպես օրինակ նշվում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Հրապարակման մեջ ասված է. «Գագիկ Ծառուկյանի, Սերժ Սարգսյանի ու ռուսական կրիմինալ աշխարհի վառ ներկայացուցիչ Ռուբեն Թաթուլյանի՝ Ռոբսոնի լուսանկարը բոլորն են հիշում։ Դե, իսկ նույն ԲՀԿ-ն, նախորդ իշխանությունը բոլոր ընտրությունների ժամանակ ձայներ ստանալու համար ապավինել են հենց կրիմինալ աշխարհի օգնությանը»։

Ըստ լրատվականների, Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորների ցուցակով իրեն հասնող հերթական պետհամարանիշներից և իր անվանն այժմ կցված է՝ 111 HH 11 պետհամարանիշը։ Ըստ լրատվականների, այդ պետհամարանիշը հերթական համարով հասնում էր նույն խմբակցության պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին:

Դրական է գնահատվել այն լուրը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ բացվեց սպասքի արտադրության հայ-իտալական գործարան։
Ռոմանոս Պետրոսյանն էլ ասել է. «ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն առնվազն վերջին 1,5 տարում չի փորձել միջամտել պետական կառավարմանը Կոտայքի մարզում։ Հարաբերությունները սառեցնելու, հալեցնելու որևէ խնդիր չեմ տեսնում, եթե վարչապետի մակարդակի միջոցառման մասին է խոսքը, և ներդրումային նախագծի մասշտաբն այնպիսին է, որ անձամբ վարչապետն է մասնակցում, ապա ես, միանշանակ է, որ այստեղ պետք է լինեմ։ Մեր հարաբերությունները պետք չէ անձնավորել, պետք է դիտարկել բացառապես քաղաքական հարթության մեջ, քաղաքական կառավարման մշակույթների տարբերություների, երկրի զարգացման գործում ունեցած տեսակետների տարբերության մեջ»։