Արարատ Միրզոյանը չի կարողանում լրատվական դաշտում դրական իմիջ ձևավորել

2019թ-ի նոյեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 365 հոդված, որոնցից 86-ը եղել է բացասական, 279-ը՝ չեզոք։

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չի կարողանում լրատվական դաշտում դրական իմիջ ձևավորել։

Օրեր շարունակ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Լրատվականները, անդրադառնալով այս ամենին, գրում են, որ Արայիկ Հարությունյանի հնարավոր հրաժարականի պատճառով ՔՊ թիմում իրարանցում է սկսվել։ Նշվում է, որ ամենաակտիվն այս հարցում Արարատ Միրզոյան-Վահան Կոստանյան-Հովհաննես Հովհաննիսյան եռյակն է, որը ցանկանում է, որ նախարար դառնա Հովհաննես Հովհաննիսյանը։

Նշվում է նաև, որ Արարատ Միրզոյանը երկու՝ առաջին փոխվարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի անհամատեղելի պաշտոնները միաժամանակ է զբաղեցրել։

Մամուլի հրապարակումներում, ինչպես նաև տարբեր իրավաբանների կողմից նշվում է, որ 2018թ. մայիսին, երբ ձեւավորվում էր նոր կառավարությունը, Արարատ Միրզոյանի, Մանե Թանդիլյանի, Ֆելիքս Ցոլակյանի եւ նույն Նիկոլ Փաշինյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են ճիշտ նույն հիմքով, ինչ Հրայր Թովմասյանի լիազորությունները` Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելուց անմիջապես հետո։ Լրատվականը նշում է, որ օրենքը չի կարող մի դեպքում գործել, մյուսների դեպքում՝ ոչ։

Արարատ Միրզոյանը՝ գործընկերների հետ հանդիպումից հետո, սելֆի է հրապարակել։ Հրապարակումներում այդ լուսանկարը որակվել է որպես Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արած սելֆիի կրկնօրինակում։

Հակածխախոտային օրենքի նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել նախարար Թորոսյանի հետ։ Իմ քայլը դաշինքից հաշված մարդիկ են մասնակցել հանդիպմանը։ Ըստ մամուլի՝ Արարատ Միրզոյանն է հրահանգել, որպեսզի հանդիպմանը չմասնակցեն։ Մամուլում նշվում է, որ տևական ժամանակ է, ինչ Արարատ Միրզոյանի և Արսեն Թորոսյանի հարաբերությունները լարված են։

Համաձայն որոշ հրապարակումների՝ Արարատ Միրզոյանն ու Ալեն Սիմոնյանը ևս ներքին հակամարտության մեջ են։ Մասնավորապես նշված է. «Երեւանում կայացած նիստի ժամանակ նկատելի էր նաեւ ներքին մրցակցությունն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջեւ, ով նաեւ Հայ-ռուսական բարեկամական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն է: Ակնհայտ էր, որ եւ Ալեն Սիմոնյանի ռուսերենն էր ավելի լավ մակարդակի, եւ շփման մեջ ավելի ճկուն էր, ինչը խանդ էր առաջացնում Արարատ Միրզոյանի մոտ»: