Նաիրա Զոհրաբյանի մասին դրական հոդվածները շարունակում են գերակշռել

2019 թ․ նոյեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 170 հոդված, որոնցից 13-ը եղել է դրական, 7-ը՝ բացասական, 150-ը՝ չեզոք։

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի մասին դրական հոդվածները շարունակում են գերակշռել։

Լրատվականներում քննարկվում են Նաիրա Զոհրաբյանի և Իմ Քայլի պատգամավոր Թագուհի Ղազարյանի լարված հարաբերությունները։ Թագուհի Ղազարյանը քննադատել է Նաիրա Զոհրաբյանին, նշելով, որ տիկին Զոհրաբյանը երբեմն անում է հայտարարություններ, որ չպետք է անի որպես Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ․ «Տիկին Զոհրաբյանը  մարդկանց պիտակավորելու համար գործածում է այլ խոցելի խմբերին բնորոշ հատկություններ։ Օրինակ՝ մարդկանց ասում է հոգեկան հիվանդներ, մինչդեռ ինքը կոչված է պաշտպանել բոլորի շահերը։ Լրագրողն ինձ հարցրեց՝ արդյո՞ք Նաիրա Զոհրաբյանը լավ է պաշտպանում մարդկանց իրավունքները։ Խոսակցության կոնտեքստում լսած կլինեք, որ խմբակցությունը ցանկանում է տիկին Զոհրաբյանին հեռացնել հանձնաժողովի նախագահի պաշտոնից»։

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովից Մարիա Կարապետյանն ու Թագուհի Ղազարյանը Նաիրա Զոհրաբյանի հեռացման հարց են բարձրացնում։ Պատճառը՝ Զոհրաբյանի ֆեյսբուքյան քննադատական գրառումներն են «ՀուԶանք ու Զանգ» աղմկահարույց ներկայացման հետ կապված։ Զոհրաբյանին պաշտպանել է իր կուսակիցը՝ Գևորգ Պետրոսյանը։

«Քայլո՞ղ, թե՞ թռչող պատգամավորներ» խորագրով հոդված է լույս տեսել, որտեղ նշվել են գործուղումների առավել շատ մեկնած պատգամավորների անունները, որոնց մեջ է նաև Նաիրա Զոհրաբյանը։

Տիկին Զոհրաբյանը քննարկումների արդյունքում պարզել է, որ իր կողմից մշակվող օրինագծերից մեկի բովանդակությամբ օրինագիծ է նախատեսում ներկայացնել նաև արդարադատության նախարարությունը։ Նա մի կողմ դնելով իր օրինագիծը միացել է մյուս օրինագծի նախապատրաստական աշխատանքներին` նշելով որ իր համար գաղափարն է կարևոր։